Հայաստանում գյուղատնտեսական վարելահողերի կեսը ենթարկվում է ջրային էրոզիայի

Հայաստանում գյուղատնտեսական վարելահողերի կեսը ենթարկվում է ջրային էրոզիայի

Հունիսի 17-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է անապատացման դեմ պայքարի միջազգային օր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը նշեց, որ այս տարվա կարգախոսն է «Հողը մեր տունն է, մեր ապագան»:

Անապատացման դեմ պայքարի միջազգային օր հռչակելը նպատակ ունի հասարակության ուշադրությունը հրավիրել անապատացման խնդիրների վրա: Այդ խնդիրներին բախվում են աշխարհի տարբեր երկրները, այդ թվում Հայաստանը: Անդրադառնալով Հայաստանում անապատացման խնդիրներին` Աշոտ Վարդևանյանը նշեց, որ մեր երկրի հողերի 80 տոկոսը ենթարկվում է տարբեր աստիճանի դեգրադացիայի, այսինքն՝ կորում են կենսաբանական և տնտեսական հատկությունները:

«Մեզ համար այսօր մտահոգիչն այն է, որ Հայաստանում գյուղատնտեսական վարելահողերի կեսը ջրային էրոզիայի է ենթարկվում, մոտ 220,000 հա, այսինքն՝ ջրելու պատճառով ժամանակի ընթացքում հողի բերրի շերտը լվացվում է: Եթե այդ պրոցեսները մնան ոչ կառավարելի, ապա գնալով հողի դրական հատկանիշները կկորեն, ու այն կդառան ոչ պիտանի: Դրա համար շատ կարևոր է, որ գյուղացիների, ֆերմերների կողմից վարելու գործընթացը ճիշտ կազմակերպվի»,– ասաց նա: Որպես խնդիր Աշոտ Վարդևանյանը նշեց վարելու տարածքը մանր հողակտրողների բաժանելու գործընթացը: Ըստ նրա` գյուղացիներն ինչպես ցանկանում, այնպես էլ վարում են, իսկ մոտեցումը պետք է փոխվի: Ցանկալի կլինի հողամասերը միավորվեն և մեծ տարածքներում վարելու գործընթացը մի մոտեցմամբ իրականացվի:

Լուրջ խնդիրը է հողի աղտոտտվածությունը, հատկապես, նիտրատներով: Նա ընդգծեց, որ մենք հողին չենք տալիս այն, ինչ իրենից վերցնում ենք: Պետք է հողին տալ միկրոէլեմենտներ, իսկ այդ հարցը կարգավորելու համար ճիշտ կլինի օգտագործել օրգանական նյութեր:

«Դրականն այն է, որ վերջին տարիներին այգիների տարածքը 5000 հա-ով ընդլայնվել են, բայց նվազել են վարելահողերը, անտառները: Մտահոգիչ խնդիր է այն, որ ավելացել է արդյունաբերական և ընդերքօգտագործման նշանակության հողերի տարածքը՝ մոտ 8000 հեկտարով»,– նշեց Աշոտ Վարդևանյանը:

Նշված խնդիրների լուծման համար մասնագետը ճիշտ է համարում հողերի կայուն կառավարմանն անցնելը: Այդ ուղղությամբ Հայաստանում մեծ ծրագիր է սկսվել: Հաջորդ տարի էլ Շիրակում իրականացվելու է դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում