Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017թ. առաջին եռամսյակում կազմել է 6.5 տոկոս

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017թ. առաջին եռամսյակում կազմել է 6.5 տոկոս

Հայաստանի ՀՆԱ-ի աճը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 6.5 տոկոս: Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ես կարծում եմ, որ սա բավականին լավ ցուցանիշ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա համար մենք թիրախավորել ենք 3.2 տոկոս ՀՆԱ-ի աճ և բազմիցս կրկնել ենք, որ 3.2 տոկոսն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու ենք հասնել»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

ՀՆԱ-ի աճին հիմնականում նպաստել են արդյունաբերության, ծառայությունների և առևտրի ճյուղերը: «2017թ. հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7 տոկոս: Տնտեսական ակտիվությանը ևս հիմնականում նպաստել են արդյունաբերության, ծառայությունների ճյուղերը: Առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշների էական նվազում մենք չենք ակնկալում»,- հայտնեց նախարարը:

Արտահանումը շարունակում է դրսևորել առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ: Վարդան Արամյանի խոսքով` հինգ ամիսների ընթացքում գրանցվել է 16 տոկոսից մի փոքր ավելի արտահանման ցուցանիշ, իսկ ներմուծման ցուցանիշը կազմել է 14 տոկոսից մի փոքր ավելի: Սա նշանակում է, որ արտահանման ցուցանիշը շարունակում է ավելի արագ աճել, քան ներմուծման ցուցանիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում