Հայոց ցեղասպանության թանգարանն է այն տեղը, որտեղ պետք է հանձնի հայապատկան իրը. Հասան Դվին

Հայոց ցեղասպանության թանգարանն է այն տեղը, որտեղ պետք է հանձնի հայապատկան իրը. Հասան Դվին

Հասան Դվինը լրագրողների հետ հանդիպման էր եկել տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, թուրքագետ Սարգիս Հացպանյանի ուղեկցությամբ:

1915 թվականին տեղահանված հայերի ընտանիքներից մեկը Հասանի պապին է հանձնել իր ունեցվածքը՝ ասելով, որ եթե վերադառնան ետ՝ կվերցնեն, եթե ոչ՝ ապա «հալալ» թող լինի իրենց: 1965 թվականին Արեւմտյան Հայաստանի Երզնկա գավառի Կամախ քաղաքում ծնված եւ այժմ Գերմանիայում ապրող Հասան Դվինը պատմեց, որ դեռ մանուկ հասակից իմացել է, որ իրենց տանը պահպանվում են իրեր, որոնք պատկանում են հայերին: Նա ասում է, որ իր հայրը իրենց մանկուց պատմել է հայերի՝ իրենց պահ տված իրերի պատմությունը:

«Մանուկ ժամանակ մենք այնքան էլ տեղեկացված չէինք հայկական ցեղասպանության, հայ ժողովրդի կրած մեծ տառապանքների մասին, բայց հայրս հաճախ մեծ ցավով պատմում էր՝ ասելով, որ մի ժողովուրդ ամբողջապես բնաջնջվեց: Այդ ամենի մասին մենք մեր հորից ենք տեղեկացել»:

Այդ իրերը հետագայում բաժանվել են իր ընտանիքի անդամների միջեւ: Ինքն իր հետ Գերմանիա է տեղափոխել իր հոր ամենասիրած իրը՝ փայտե շրջանակով ձեռակերտ հայելին, որը նրա հայրն առանձնահատուկ խնամքով է պահպանել: Նույնպիսի խնամքով է այդ իրին վերաբերել Հասանն ինքը:

«Արեւմտյան Հայաստանի այդ տարածքում, որը հիմա քրդաբնակ է, բնակչության մեծ մասի մոտ կան նման իրեր, ինչքան ուզեք: Չկա այնպիսի տեղ, որ մարդիկ հայերից վերցրած կամ առգրաված իրեր չունենան: Իմ այս խորհրդանշական փոքր քայլը կուզենայի իմաստ գտներ նաեւ նրանց մոտ եւ նրանք եւս վերադարձնեին իրենց չպատկանող իրերը, այդ թվում՝ իմ գերդաստանի մյուս անդամների մոտ եղածները»:

Հայաստան այցելելը Հասանի համար երազանք է եղել: Առաջին անգամ անցյալ տարի է եկել: Եղել Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, հարգանքի տուրք մատուցել, այցելել է ցեղասպանության թանգարան եւ ծանր ապրումներով վերադարձել Գերմանիա: Ամբողջ ընթացքում հիշել է հայապատկան իրի մասին եւ մտածել, որ իր խղճի պարտքն է այն վերադարձնելը եւ, կարծում է, որ Հայոց ցեղասպանության թանգարանն է այն տեղը, որտեղ պետք է հանձնի հայապատկան իրը:

«Հայապատկան իրերը պետք է վերադարձվեն իրական տերերին: Սա խղճի խնդիր է եւ ինչպես Վիկտոր Հյուգոն է ասել՝ խիղճը մարդու մեջ Աստվածն է»:

Հասան Դվինը հիշում է, որ իր հայրը հաճախ է առանց առիթի ասել, որ ալեւի-ղզլբաշների եւ հայերի միջեւ տարբերություն չկա: Միակ տարբերությունն այն է, որ իրենք թլպատվում են: Նրա հոր՝ հաճախակի արտահայտած այս միտքը երկար ժամանակ է նրան մտածելու տեղիք տվել: Ասում է, որ իր հայրն ու իր պապը բազմաշնորհ են եղել՝ ձեռքի զարմանալի վարպետություն են ունեցել: Իրենց տան պատշգամբները փայտանախշերով են եղել եւ շրջապատում նման այլ տուն չի տեսել: Այդպիսի փայտանախշերի հանդիպել է անցյալ տարի՝ Հայաստան այցի ընթացքում ու հիմա, ասաց, որ ինքն իրեն հարց է տալիս՝ գուցե իմ նախնինները հայե՞ր են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում