Ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ դասընթացն ավարտած ոստիկանների երդման արարողությունը

Ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ դասընթացն ավարտած ոստիկանների երդման արարողությունը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հունիսի 16-ին միջոցառումներն սկսվեցին «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն ավարտած ոստիկանների երդման հանդիսավոր արարողությամբ:

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դիմեց նորընծա ոստիկաններին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիսավոր քայլերթից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ծաղիկներ դրեց սահմանների պաշտպանության եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:

Ոստիկանության պետը շրջեց կրթահամալիրի տարածքում, ծանոթացավ բարեկարգման արդյունքներին: Այնուհետեւ ոստիկանության պետը դիպլոմներ հանձնեց ակադեմիայի մագիստրատուրայի 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտներին: Երդման եւ դիպլոմների հանձնման արարողություններից հետո տեղի ունեցավ «Գարուն-ամառ» խորագրով միջոցառումը. կրթահամալիրի սովորողները հանդես եկան գեղեցիկ բեմականացումներով:

Միջոցառումների ավարտին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ կրթահամալիրի սովորողների հետ և խոսեց ոստիկանի առաքելության մասին: Ոստիկանության պետն անդրադարձավ նաև համակարգի բարեփոխման խնդիրներին և արդիական ոստիկանության կայացմանը: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց նոր սերնդի ոստիկանի ձևավորման ընթացքը հենց ուսումնառության շրջանից: Հանդիպումն ավարտվեց ոստիկանության պետի և վաղվա ոստիկանների անկեղծ ու անմիջական հարցուպատասխանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում