Պատգամավոր Միհրան Հակոբյանը պատրաստվում է «Սոցիալական փաթեթը» հասանելի դարձնել նաև Բուհերում

Պատգամավոր Միհրան Հակոբյանը պատրաստվում է «Սոցիալական փաթեթը» հասանելի դարձնել նաև Բուհերում

ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը առաջարկում է բարձրագույն կրթական ծառայություններ մատուցող պետական հաստատությունների աշխատակիցներին նույնպես դրաձնել «Սոցիալական փաթեթ» ծրագրի շահառու։ Այդ մասին պատգամավորը գրել է Facebook-յան իր էջում։ Ներկայացնում ենք Մ. Հակոբյանի գրառումն ամբողջությամբ.

«Հիշու՞մ եք, 2012թ.-ին Հայաստանում պետական աշխատողների սոցիալական խնդիրների բարելավման համար կարևոր քայլ կատարվեց: Պետական աշխատողների և նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիրը՝ «Սոցիալական փաթեթը», այսօր հաջողությամբ գործում է: Լավ-վատ, բայց այն հիմնավորումը, որ դրված էր ծրագրի տակ(պետական մարմիններում` կրթության, մշակույթի գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում նպաստել աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը), ապացուցեց իր կենսունակությունը՝ թեկուզ և մինիմալ սոցիալական երաշխիքներ տրամադրելով պետության համար աշխատող քաղաքացիներին:

Բայց կա մի ուշագրավ խնդիր, որը ցայսօր լուծում չի ստանում: Պետական համակարգում «Սոցիալական փաթեթից» օգտվում են բոլորը, բացի բարձրագույն կրթական ծառայություններ մատուցող պետական հաստատությունների աշխատակիցներից: 2008թ.-ից դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում, 6 տարի աշխատել եմ ԵՊՀ կենտրոնական վարչական ապարատում՝ որպես բաժնի վարիչ, ռեկտորատի և կառավարման խորհրդի անդամ եմ եղել, և ծանոթ եմ տարիներ շարունակ իր տրամաբանական լուծումը չգտնող այս խնդրին: Կարծում եմ, հասունացել է պահը, որպեսզի պետական հաստատությունների աշխատակիցներին նույնպես տրամադրվի «Սոցիալական փաթեթ»: Արդար չէ Բուհ-երի աշխատակիցներին վերածել պետական համակարգում սոցիալապես ամենախոցելի խավի, ոչ էլ նրանց դիտարկել՝ որպես «երկրորդ կարգի» աշխատակիցների: Իհարկե, հասկանում եմ, որ պետական բյուջեն անտակ տակառ չէ, կա բյուջետային միջոցների սահմանափակության խնդիր, բայց համոզված եմ, որ լուծումներ գտնել հնարավոր է:

Որպես ԱԺ պատգամավոր՝ պատրաստվում եմ պետական մարմինների և Բուհ-ական շրջանակների հետ միասին այս խնդիրը կարգավորելու համար լուծումներ որոնել, անհրաժեշտության դեպքում նաև օրենսդրական մակարդակում: Առաջիկայում պատրաստվում եմ հանդիպել խնդրի հետ առնչություն ունեցող պետական և Բուհ-ական շրջանակների ներկայացուցիչների, խնդրին քաջատեղյակ շահառուների և փորձագիտական խմբերի հետ: Եթե այս աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցողներ կան, խնդրում եմ արձագանքել: Դույզ ինչ չեմ կասկածում, որ լուծումներ գտնելու ենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում