120◦ C –ի պայմաններում ապրող մանրէները, գարեջրագործության նոր մեթոդն ու Արցախը Իսլանդիային կապող աղբյուրները

120◦ C –ի պայմաններում ապրող մանրէները, գարեջրագործության նոր մեթոդն ու Արցախը Իսլանդիային կապող աղբյուրները

Ջերմուկն ու Քարվաճառը` ջերմադիմացկունների հայկական «բնակատեղի»

Մանրէազերծման համար 100 աստիճան ցելսիուս ջերմաստիճանը ոչ վաղ անցյալում լիարժեք էր համարվում, կարելի է ասել, բոլորի, իսկ այսօր` պահածոյացման գործընթացում թրծված տնային տնտեսուհիների ու կենսաբանությունից հեռու մարդկանց համար: Կյանքի տարրական ձևերին` մանրէներին, ամենամոտ գտնվողները` կենսաբանները, կյանքի հնարավոր սահմանները չեն շտապում գծել մի պարզ պատճառով. որքան մանրէաբանության ոլորտում ուսումնասիրությունները խորանում են, այնքան կյանքի սահմաններն ընդլայնվում են:

Պիրոլոբուսն (Pyrolobusfumarii) ու մեթանոպիրուսը (Methanopyruskandleri) մանրէաբաններին` մինչ այժմ հայտնի ամենաջերմասեր մանրէներն են. ապրում են 120 աստիճան ջերմաստիճանում, ցրտահարվում` 80-90 աստիճանի դեպքում: Էքստրեմալ պայմաններում ապրող այս մանրէները Հայաստանի տաք աղբյուրներում առայժմ չեն հանդիպել, փոխարենը նրանց դասին պատկանող այլ ջերմադիմացկուն էակներ են հայտնաբերվել: «Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող տաք աղբյուրներից մեզ հաջողվել է անջատել տարբեր ցեղերի պատկանող ավելի քան 135 շտամներ, որոնցից շատերը կարող են համարվել նոր տեսակների, նույնիսկ ցեղերի թեկնածուներ: Դրանք բավականին հետաքրքիր օբյեկտներ են, որոնք օգտագործում ենք սելեկտիվ գիտափորձերում` հասկանալու համար, թե ինչ նպատակի կարող են ծառայել: Արդեն իսկ առանձնացրել ենք այն մանրէներին, որոնք կարող են էկզոպոլիսախարիդներ արտադրել: Թերմոֆիլ մանրէները, սովորաբար, իրենց շուրջն արտադրում են էկզոպոլիսախարիդներ, որոնք բարձր ջերմաստիճանային պայմաններում պաշտպանում են դրանց ջերմային սթրեսներից: Մանրէական արտադրության պոլիսախարիդները մեծ նշանակություն ունեն թե´ դեղագործության, թե´ նավթարդյունաբերության, թե´ սննդի արդյունաբերության, թե´ կոսմետիկայի արտադրության մեջ: Բայց մեր գլխավոր նպատակն այնպիսի պոլիսախարիդներ գտնելն է, որոնք կարող են օգտագործվել դեղագործության մեջ: Բացի այն, որ էկզոպոլիսախարիդներն օգտագործվում են պատիճավորված դեղերի պատիճները պատրաստելու համար, քանի որ դրանք ստամոքսում լուծվում են, կարող են նաև բուն դեղի բաղադրության մեջ մտնել, քանի որ օժտված են հակավիրուսային, հակամանրէաբանական և հակաքաղցկեղային հատկություններով»,-վստահեցնում է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը:

Էքստրեմալ պայմաններում ապրող մանրէներն արդեն 13 տարի է` Հովիկի ու իր գլխավորած թիմի ուշադրության կենտրոնում են: Այս ընթացքում նրանք հասցրել են ուսումնասիրել Հայաստանում և Արցախում տեղակայված ավելի քան 10 աղբյուր, որոնց միջին ջերմաստիճանը բարձր է 20 աստիճան ցելսիուսից: Սահմանված միջինը երեք անգամ գերազանցում է Ջերմուկի տաք աղբուրը` 64 աստիճան ցելսիուս, և երեքուկես անգամ` Քարվաճառի աղբյուրը (Տաք ջուր)` 72 աստիճան ցելսիուս: «Դա աղբյուրի ելքի ջերմաստիճանն է, խորքում ավելի բարձր է լինում: Օրինակ Սյունիքում գտնվել է մի աղբյուր, որտեղ ջրի ջերմաստիճանը 600 մետր խորության վրա 100 աստիճան է».-ասում է Հովիկը:

Այս և մյուս աղբյուրների մանրէաբանական կազմը հայ կենսաբաններն ուսումնասիրել և նմուշառել են ոչ միայնակ. նրանց օգնել են արտասահմանցի գործընկերները: Դրամաշնորհների միջոցով հնարավոր է եղել ոչ միայն մագիստրոսների, ասպիրանտների վերապատրաստում կազմակերպել, այլև Հայաստանում իրականացնել միջազգային մակարդակի հետազոտություններ: Օրինակ` էկզոսախարիդների ակտիվ արտադրիչները մեկուսացվել են Հայաստանում, այնուհետ` ուսումնասիրվել իտալացիների օգնությամբ:

Գարեջրագործների «օգնականները»

21-րդ դարում մանրէաբանության նկատմամբ հետաքրքրությունն աճել է ամբողջ աշխարհում և դա պայմանավորված է կենսատեխնոլոգիայի բնագավառում մանրէների օգնությամբ կատարվող հեղաշրջումներով: Ուստի մանրէաբանական հետազոտությունները Հայաստանում ևս ինքնանպատակ չեն արվում: «Մանրէների և նրանցից ստացվող ֆերմենտների վրա հիմնված արտադրության բոլոր գործընթացները հիմնականում սովորական սենյակային ջերմաստիճանային պայմաններում են ընթանում, իսկ անհրաժեշտ մանրէն աճեցնելու համար, նախ և առաջ, պետք է համապատասխան սննդամիջավայր կիրառել և միաժամանակ բացառել կողմնակի մանրէներով վարակվելու հավանանականությունը: Ավանդական եղանակով մանրէների աճեցմամբ, կենսաբանական ակտիվությամբ օժտված նյութերի սինթեզը, առաջին հերթին, շատ էներգատար է, իսկ թերմոֆիլ մանրէները սինթեզում են ֆերմենտներ, որոնք չեն կորցնում իրենց ակտիվությունը բարձր ջերմաստիճանում և ավելի արագ են գործում, քան իրենց ոչ ջերմակայուն անալոգները: Արդյունքում արտադրությունը և´ քիչ ծախսատար է լինում, և´ արդյունավետ: Նշեմ նաև այն, որ կան ջերմակայուն ֆերմենտներ, որոնք կարող են այնպիսի ռեակցիաներ կատալիզել, որոնք անհնար է իրականացնել քիմիական եղանակով,-ասում է կենսաբանական գիտությունների թեկնածուն և, որպես օրինակ, բերում գարեջրի արտադրությունը:- Գարեջուր ստանալու համար նախ պետք է ծլեցնել գարին, հետո ջարդել, ջարդոնը լցնել ջրի մեջ, եռացնել և ստացած եփուկին ավելացնել խմորասնկեր, որոնց գործունեության արդյունքում գարեջուր կստացվի: Այս փուլերը բոլորն էլ պարտադիր են. ծլեցումը պետք է արվի, քանի որ այդ դեպքում է գարու մեջ առկա բուսական ֆերմենտը` ամիլազը, օսլան ճեղքում մինչև գլյուկոզի, որն էլ խմորման ենթարկելով` վերածվում է սպիրտ: Բայց այդ գործընթացը հաճախ քիչ արդյունավետ է լինում, քանի որ օսլայի ահագին քանակություն չի հաջողվում ճեղքել: Իսկ ինչո՞ւ չի հաջողվում, որովհետև բուսական ֆերմենտը, որը պետք է ճեղքի օսլան, եփման ընթացքում ապաակտիվանում է, իսկ օսլան ավելի լավ ճեղքվում է ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ: Ահա թե ինչու այս և նմանատիպ արտադրություններում նպատակահարմար է օգտագործել թերմոֆիլ մանրէներից անջատված ջերմակայուն ֆերմենտներ»:

Քիչ թափոնային ու արդյունավետ արտադրություն ապահովող, ոչ ախտածին հատկությամբ օժտված թերմոֆիլների հետքերով Հովիկն ու իր խումբը վերջերս Արցախի Քարվաճառի տարածքում գտնվող երկրաջերմային աղբյուրում հայտնաբերել են հազվադեպ հանդիպող Thermus ցեղին պատկանող մի մանրէ` T. scotoductus-ը: Հետաքրքրականն այն է, որ մանրէ այդ տեսակն ամբողջ աշխարհում մինչ այժմ հայտնաբերվել է ընդամենը երեք վայրում` Արցախում, Իսլանդիայում և ՀԱՖ-ում: Աշխարհագրորեն իրարից բավականին հեռու գտնվող այս վայրերում միևնույն տեսակին պատկանող մանրէի առկայությունը կենսաբանն այսպես է բացատրում. « Վերջերս մի վարկած է առաջ քաշվել, ըստ որի` աշխարհի երկրաջերմային աղբյուրներն իրար հետ կապված են: Երկրագնդի խոր շերտերում կան առվակներ, որոնք ստեղծել են մի ամբողջական համակարգ»:

Հայաստանում ու Արցախում հանդիպող էքստրեմալ պայմաններում ապրող մանրէների շրջանակի աստիճանական ընդլայնումը ենթադրում է` կենսատեխնոլոգիական հեղաշրջումը չի կարող շրջանցել հայկական տարածաշրջանը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում