Կառավարությունը թիրախավորել է տարեկան 5 տոկոս տնտեսական աճ և աղքատության կրճատում

Կառավարությունը թիրախավորել է տարեկան 5 տոկոս տնտեսական աճ և աղքատության կրճատում

Առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա՝ ապահովելով արտահանման ծավալների աստիճանական ավելացումը, ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը: Այդ մասին նշված է ծրագրում, որն արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով:

Մրցունակ և նորարար տնտեսություն ունենալու համար ՀՀ կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա մեր տնտեսության վերափոխման և կենսունակության ապահովման համար։ Թվային օրակարգը կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին. պետական կառավարման համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը և աշխատա- տեղերին, հասարակական կյանքին, կրթությանը, գիտությանը, հետազոտություններին, մշակույթին, անվտանգությանը և Հայաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին։

Ըստ կառավարության, գործարար միջավայրի գործելաոճը պետք է հիմնված լինի ժամանակակից, կիրառական գիտելիքների և կառավարման հմտությունների վրա: Անհրաժեշտ է արդիականացնել գործարար էկոհամակարգը՝ խրախուսելու նոր աշխատատեղերի ստեղծումն ու խթանելու նորարարությունների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև տնտեսությունում արտադրողականության աճի բարձրացման նպատակով լայնորեն կիրառելու նորարար տեխնոլոգիաները:

«Մեր նպատակը սփյուռքահայության և հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման բանաձևը գտնելն է, ինչը հնարավորություն կընձեռի պահպանելու հայի ինքնությունը, ինչպես նաև Հայաստանը դարձնելու հայանպաստ կենտրոն, որը միավորում է աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին: Մենք պատասխանատվություն ենք կրում մեկս մյուսի նկատմամբ, ինչն էլ մեզ համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացում: Մենք պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի սփյուռքում բնակվող տարբեր ոլորտների կառավարիչները, մշակութային գործիչները, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները մասնակից դառնան մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար»,– ասված է ծրագրում:

ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է՝ զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

Ըստ ծրագրի, դրանում նախատեսված միջոցառումների արդյունքային ցուցանիշները բացահայտում են այն թիրախները, որոնց նվաճմանն էլ միտված է լինելու ՀՀ կառավարության գործունեությունը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում