Թուրքիայում ՌԴ-ի դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը

Թուրքիայում ՌԴ-ի դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայում ՌԴ-ի դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախագահի հունիսի 19-ի հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Երխովը Անկարայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կգլխավորի Անդրեյ Կառլովի փոխարեն, որն սպանվել է 2016 թվականի դեկտեմբերին: Մինչ այժմ Ալեքսեյ Երխովը գլխավորում էր ՌԴ ԱԳ նախարարության Իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտը:

Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովն սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում գեղարվեստական ցուցահանդեսի բացման ժամանակ: Թուրքիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ ռուս դիվանագետի վրա կրակել է ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը: Նա Կառլովին սպանել է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Հարձակման հետեւանքով տուժել Է եւս երկու մարդ: Հարձակվողը ոչնչացվել է հատուկ նշանակության ուժերի կողմից: ՌԴ ԱԳ նախարարությունը հարձակումը որակել է ահաբեկչական գործողություն: Կառլովին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում