Իրանի նախագահն ուղերձ է հղել Կատարի Էմիրին

Իրանի նախագահն ուղերձ է հղել Կատարի Էմիրին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Կատարի Էմիրին՝ Թամիմ բեն Համադ ալ Թանիին, ուղերձ է փոխանցել Իրանի ԱԳ նախարարի օգնականի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կատարի QNA նորությունների գործակալությունը: Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական եւ աֆրիկյան երկրների գործերով օգնական Հուսեյն Ջաբրի Անսարիի եւ Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ ալ Թանիի հանդիպումը տեղի Է ունեցել անցած կիրակի՝ հունիսի 18-ին:

Գործակալությունը չի բացահայտել Իրանի նախագահի նամակի բովանդակությունը: Անսարին դարձել է իրանցի առաջին բարձրաստիճան անձը, որը Դոհա է այցելել մի շարք արաբական երկրների եւ Կատարի միջեւ երկու շաբաթ առաջ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:

Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Սենեգալը, Նիգերը եւ Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը: Կատարը հերքել է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ պատասխան միջոցներ չի ձեռնարկելու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում