Բելգիան համաշխարհային խորհրդաժողով կանցկացնի միգրանտների ընդունման խնդրի շուրջ

Բելգիան համաշխարհային խորհրդաժողով կանցկացնի միգրանտների ընդունման խնդրի շուրջ

Բելգիայի կառավարությունը եւ Մեհելեն ֆլամանդական քաղաքը նոյեմբերի 16-17-ին կանցկացնեն քաղաքներին եւ ներգաղթյալներին նվիրված համաշխարհային խորհրդաժողով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել է Բելգայի ԱԳ նախարարությունը:

Խորհրդաժողովը կանցկացվի Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի եւ «Միավորված քաղաքներ ու տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ: Բելգիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման կազմակերպիչները մտադիր են ընդգծել «կանոնակարգված, անվտանգ, օրինական եւ պատասխանատու միգրացիայի» կարեւորությունը:

«Խորհրդաժողովը տեղի կունենա այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում ավելի քան 250 մլն միգրանտ կա: Սպասվում է, որ այդ թիվը կշարունակի աճել: Եթե մենք ցանկանում ենք, որ իրադարձությունների այդ ընթացքը նպաստի մարդկության զարգացմանը, ապա մենք հետեւողական եւ ինկլյուզիվ մոտեցումների կարիք ունենք»,- Բելգիայի ԱԳ նախարարության հաղորդագրությունում մեջբերված է երկրի փոխվարչապետ եւ հանուն զարգացման համագործակցության նախարար Ալեքսանդր դե Կրոոյի խոսքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում