Վահան Մարտիրոսյանն ընդունել է հայաստանյան բեռնափոխադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների

Վահան Մարտիրոսյանն ընդունել է հայաստանյան բեռնափոխադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 19-ին ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման նպատակը բեռնափոխադրումները, մասնավորապես, մրգի արտահանումը արտակարգ ռեժիմով կազմակերպելու ընթացքում առաջացող խնդիրները բարձրաձայնելն ու հնարավոր լուծումներ առաջարկելն էր:

Նախարարին ներկայացվեցին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում ի հայտ եկող խոչընդոտները: Բեռնափոխադրողները նախարարին խնդրեցին վերանայել դեպի երրորդ երկիր թույլտվությունների քանակը, հնարավորության սահմաններում այն ավելացնել, կարգավորել մեքենաներին տրվող սանիտարական անձնագրերի ստացման գործընթացը, դիտարկել վտանգավոր համարվող բեռների փոխադրման համար միջազգային համաձայնագրին միանալու հնարավորությունը:

Վահան Մարտիրոսյանը լսեց բարձրացված խնդիրները, պատասխանեց բեռնափոխադրողներին հուզող հարցերին։ Նա ընդգծեց, որ համաձայնագրին միանալու հարցն արդեն ՀՀ ԱԺ օրակարգում է: Ինչ վերաբերում է բարձրացված մյուս խնդիրներին, ապա նախարարը խոստացավ օրենքի շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանք լուծելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև գերծանրաբեռնված մեքենաների խնդրին։ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ դա է ճանապարհների ժամանակից շուտ քանդվելու հիմնական պատճառներից մեկը, և հորդորեց պահպանել բեռների համար սահմանված քաշը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում