Ձախողակ հեղափոխականի անհետացման հետքերով

Ձախողակ հեղափոխականի անհետացման հետքերով

«Սասնա Ծռերի» գործողություններից անցել է շուրջ մեկ տարի: Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այսօր խմբի գործողությունների վերաբերյալ հանրության ու նրա առանձին հատվածների գնահատականները հակասական են: Կարելի է հազար ու մի պատճառ բերել նրանց արարքն ինչպես քննադատելու ու դատապարտելու, այնպես էլ արդարացնելու համար: Բայց դա չէ էականը: Բայց ունենք այն, ինչ ունենք. մի խումբ մարդիկ, որոնց մի մասը ժամանակին սեփական կյանքը վտանգելով հայրենիք են պաշտպանել, որոշել էին զինված հեղաշրջում անել՝ սեփական՝ գուցեև արդար մղումներից ելնելով: Բայց արդյունքում 3 անմեղ մարդ զոհվեց, զգալի գույքային վնաս պատճառվեց: Նրանք վստահաբար ունեն իրենց բացատրությունն ու հիմնավորումն՝ ինչու այդպես վարվեցին, ինչը շատերի համար հասկանալի է: Հասկանալի է նաև, որ խումբը բազմազան է, և այնտեղ հիմնականում ռոմանտիկներ են, որոնց մի մասը պարզապես ազդեցության տակ ընկող է, մյուսներն էլ՝ սեփական արարքի հետևանքները չգիտակցող:

Հանգամանքների բերումով այդ մարդիկ հանցագործ ու հանցակից են դարձել, ինչը ժխտելն անհնար է: Ուստի, կլինի նաև պատիժ: Մեծ հաշվով խմբի անդամներն արդեն իսկ կրում են պատիժը. դատարանի վճիռ դեռ չկա, բայց նրանք բոլորն էլ կալանավորված են: Բոլորը՝ բացի մեկից: Իսկ այդ մեկը Գարեգին Չուգասզյանն է, ով լինելով «Սասնա Ծռեր» գործողության առանցքային կազմակերպիչներից մեկը, ինչպես նաև խմբի անդամների գաղափարակիցն ու աջակիցը՝ հեղաշրջման փորձի ձախողումից հետո փախուստի դիմեց:

Եթե սկզբնական շրջանում իր թաքնվելը Չուգասզյանը մեկնաբանում էր՝ որպես գործընթացը դրսից կառավարելու համար մշակված ռազմավարություն, ապա դեպքից մեկ տարի անց, երբ խմբի անդամներն այլևս որևէ բան ձեռնարկել չեն կարող, ավելին՝ գտնվում են դատարանոմ, այդ արդարացումը մերկ է թվում: Ըստ էության՝ Չուգասզյանը շարքային մորթապաշտ է, ով միգուցե որևէ գողտրիկ անկյունում ազատ ու լիարժեք կյանք է վայելում՝ սեփական ընկերների վզին թողնելով նաև իրեն բաժին ընկնող պատժի բեռը:

Վստահաբար իշխանության ձեռամբ, նախօրեին հանրությանը հիշեցվեց Չուգասզյանի մասին: Մամուլը գրել էր, թե, իբր, նրա տեղը հայտնողին իրավապահները պարգևատրում են խոստանում: Ամենամեծ հարցն այն է՝ արդյոք նրան փնտրո՞ւմ են:
Հավանաբար, Գարեգին Չուգասզյանին փնտրում են այն նույն իրավապահները, ովքեր ժամանակին որոնում ու «չէին գտնում» Արշակ Սադոյանին, որոնում ու մինչև օրս «չեն գտնում» Վանո Սիրադեղյանին: Չի բացառվում, որ Չուգասզյանին փնտրողներն այն նույն իրավապահներն են, ովքեր տևական ժամանակ որոնում էին Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո նրանց «զգոն հայացքի» ներքո վերջինս ներկայացավ դատախազություն:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ներկայացավ, որովհետև հասկացավ, որ եթե «Յոթի գործով» անցնողները ստանձնեն նաև իր բաժին պատիժը, ինքը որպես քաղաքական գործիչ այլևս անելիք չի ունենալու: Փաշինյանը հասկացավ, իսկ Չուգասզյանը՝ կարծես թե. ոչ: Համենայնդեպս, առայժմ՝ ոչ:

Չուգասզյանը պատահական մարդ չէ, նաբավականին երկար ժամանակ եղել է իշխանության մեջ: Մինչ անհաշտ հեղափոխական դառնալը, Չուգասզյանը Հայաստանի կառավարության տեղեկատվության և հրատարակությունների վարչության պետն էր, իսկ հետո՝ Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի նախագահը, իսկ մինչև վերջերս էլ՝ ծրագրեր էր իրականացնում էկոնոմիկայի նախարարության և մի շարք այլ պետական գերատեսչությունների հետ: Ասում են՝ այդ ընթացքում նա մեր երկրին բնորոշ ձևերով բավականին արդյունավետ օգտվել է վարչական լծակների տված հնարավորություններից, և ֆինանսական դժվարություններ չի ունեցել: Ու մի օր հանկարծ՝ նախկին պաշտոնյան դառնում է «հեղափոխական գործիչ», բարեհաջող կերպով «դեմ է տալիս» գաղափարակից ընկերներին, հայտնվում է ընդհատակում ու վայելում կյանքը: Ում իդեպ իրավապահները չեն գտնում:

«Սասնա Ծռերի» հանդեպ իշխանության վրեժն այնքան մեծ է, որ համապատասխան ցանկության դեպքում, այս մեկ տարվա ընթացքում Չուգասզյանին անգամ «գետնի տակից» գտած կլինեին: Փոքր երկրում, որտեղ ոստիկանների ու այլ ուժայինների գերխտություն է ամեն քառակուսի մետրի վրա, 1 տարում չեն կարողանում գտնել մի ձախողված հեղափոխականի: Մարդ, ում ընտանիքն առոք-փառոք ապրում է Երևանում: Գուցե այդպես էլ է լինում:

Բայց միևնույնն է, բարոյական պարտքը պետք է ազնիվ հեղափոխականին ստիպեր, որպեսզի նա ինքնակամ ներկայանար և կիսեր իր ընկերների բեռը: Այլապես ստացվում է, որ երիցս ճիշտ էր Թոմաս Քարլայլը, ով պնդում էր, որ հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկներն, իրագործում են ֆանատիկները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները:

«Սասնա ծռերի» կազմում եղած ռոմանտիկներն ու ֆանատիկները մեկ տարուց ավելի է՝ անազատության մեջ են: Նրանցից ոմանք այնտեղ գուցե մնան մինչև կյանքի վերջ: Իսկ մեկը, ով հաջողության դեպքում լիուլի օգտվելու էր հեղափոխության պտուղներից, բարեհաջող թաքնվում է ու ազատ ժամանակ Facebook-ում խոսքուզրույց վարում՝ երբեմն էլ հիշելով նաև իր ձեռամբ «էշ նահատակ» դարձածներին:

Եթե մի տարի առաջ Ծռերն իմանային այս ամենի մասին, չի բացառվում, որ չգնային արկածախնդիր ու մորթապաշտ «հեղափոխականների» գաղափարներն իրագործելու:

Վահագ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում