ՀՀ կառավարությունը ծրագրում է 5 տարում հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության 2.5 աճ ապահովել

ՀՀ կառավարությունը ծրագրում է 5 տարում հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության 2.5 աճ ապահովել

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է ապահովել հարկային եկամուտների կայունությունը` առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսելով հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության աճ՝ 2.5 տոկոսային կետով:

ՀՀ կառավարության արտահերթ նիստում հավանության արժանացած և Ազգային ժողովի քննարկմանն ուղարկված կառավարության ծրագրում ամրագրված է, որ հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն արդյունավետ և ունենան անհրաժեշտ կարողություններ՝ ստվերային տնտեսության կրճատման և գործարար միջավայրի բարելավման համար: «Արդյունավետ հարկային և մաքսային վարչարարության իրականացման արդյունքում պետք է ապահովվի հարկային եկամուտների կայունությունը՝ նախատեսելով հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության աճ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում 2.5 տոկոսային կետով՝ հաշվի առնելով առաջիկա տարիներին տնտեսության զարգացման միտումները»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է ծրագրում:

Նշվում է, որ հարկային և մաքսային մարմինների կողմից հետևողական վարչարարության իրականացման արդյունքում պետք է խստացվի պայքարն օրինազանց, հարկային պարտավորությունները կանխամտածված կերպով չկատարելու վարքագիծ դրսևորող հարկ վճարողների նկատմամբ, պետք է շարունակվեն աշխատանքները տնտեսության մեջ կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման ուղղությամբ: Այս առումով հիմնական մոտեցումն այն է, որ հարկային և մաքսային հսկողական գործիքները կկիրառվեն բացառապես ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ, իսկ հարկային մարմնի կողմից իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվի էլեկտրոնային հսկողության հարթակ:

Գործարար միջավայրի տեսանկյունից կարևորվելու է պետական եկամուտների վարչարարության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար իրականացվող վարչարարության հնարավորինս պարզեցումը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:

Միևնույն ժամանակ տնտեսավարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց՝ հումքի և սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար կտեղափոխվի ներքին տնտեսություն: Նշված ուղղություններով աշխատանքների իրականացման, հարկային և մաքսային համակարգերի կառուցվածքի վերանայման, հարկային և մաքսային ծառայողների կերպարի վերափոխման արդյունքում կբարձրանա վստահությունը հարկային և մաքսային համակարգերի նկատմամբ: Նշված թիրախներին հասնելու նպատակով անհրաժեշտ է հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների հստակ ուղղությունների նախանշում, որոնք ճշգրիտ կերպով կարտացոլեն սահմանված նպատակներին հասնելու եղանակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում