ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում խորը մտահոգություն են հայտնել վերջին դեպքերի առնչությամբ. հայտարարություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում խորը մտահոգություն են հայտնել վերջին դեպքերի առնչությամբ. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի գրասենյակից:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահների այցի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած նախարարական հանդիպումից հետո կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրադրությունը քննարկելն էր:

«Համանախագահները հանդիպել են Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի (հունիսի 10) և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (հունիսի 19) հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ ունեցան արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Համանախագահները մեկնեցին Լեռնային Ղարաբաղ (հունիսի 12)՝ հանդիպելու «դե ֆակտո» իշխանությունների հետ և այցելեցին մի շարք շրջաններ Լեռնային Ղարաբաղի շուրջը, այդ թվում՝ Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քարվաճառի շրջանները: Բաքվում նրանք նաև հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ:

Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից:

Համանախագահները նույն ուղերձը հղումն են Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանություններին: Նրանք խրախուսում են կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին:

Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են արել բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով վերաներգրավվել բանակցություններում:

Նրանք ընդգծել են, որ սա միակ եղանակն է, որի միջոցով հնարավոր է բերել տևական խաղաղություն տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր ակնկալում են և արժանի են առաջընթացի և հակամարտության կարգավորման:

Նախագահներն արտահայտել են իրենց մտադրությունը վերսկսելու քաղաքական երկխոսությունը՝ նպատակ ունենալով գտնել փոխզիջումային լուծում կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,-նշված է հայտարարության տեքստում:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ այցի մասին տեղեկություն փոխանցելու Մինսկի խմբի անդամներին: Նրանք նաև ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում