«Ծառուկյան» խմբակցությունը կառավարության ծրագրին ազատ չի քվեարկելու, լինելու է միասնական դիրքորոշում

«Ծառուկյան» խմբակցությունը կառավարության ծրագրին ազատ չի քվեարկելու, լինելու է միասնական դիրքորոշում

Ազգային ժողովում իր մեծամասնությամբ 2-րդ քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը, կառավարության կողմից ներկայացրած 2017-2022թթ. ծրագրի քվեարկությանը կմասնակցի մեկ միասնական դիրքորոշմամբ:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս քվեարկության պարագայում պատգամավորներն իրենց քվեարկության մեջ ազատ չեն թողնվի, նրանք կարտահայտեն մեկ միասնական դիրքորոշում:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ծրագիրը քիչ առաջ է ներկայացվել Ազգային ժողով, և ինքն ուսումնասիրում է այն:

«Վաղը «Ծառուկյան» խմբակցությունում նախատեսված է կառավարության ծրագրի քննարկում: Տնտեսական փաստաթուղթը կքննարկենք մեր պատգամավորների ու փորձագետների հետ, ինչից հետո կհայտնենք մեր միասնական դիրքորոշումն այս առնչությամբ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտարկմանը, թե մի շարք օրինագծերի քվեարկության ժամանակ «Ծառուկյան» դաշինքը պատգամավորներին ազատ էր թողնում, նրանք քվեարկում էին իրենց խղճի մտոք, հնարավո՞ր է, որ կառավարության ծրագրի քվեարկությունը ևս ազատ թողնվի, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Ո՛չ, հնարավոր չէ: «Ծառուկյան» խմբակցությունը կառավարության ծրագրին կքվեարկի միասնաբար: Վաղը, երբ խմբակցությունը կքննարկի ծրագիրը, մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք»:

Պատգամավորը նշեց, որ ինքն անձամբ որևէ պատճառ չի տեսնում կառավարության ծրագրին կողմ քվեարկելու համար:

«Եթե հիշում եք, 2016թ.-ի պետական բյուջեի ծրագրով սահմանված էր 2.2 տոկոս տնտեսական աճ, և սա հիմնավորվել էր այսպես, որ ավելի ազնիվ է սահմանել քիչ, քան՝ 5-6 տոկոս տնտեսական աճ և այն չկատարել: Այնինչ, 2016թ.-ի տնտեսական աճը կազմեց 0,4 տոկոս: Ո՞ւր մնաց իրատեսությունը»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում