ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթուղթն ակնկալում ենք ստորագրել ԱլԳ առաջիկա գագաթնաժողովում. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթուղթն ակնկալում ենք ստորագրել ԱլԳ առաջիկա գագաթնաժողովում. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրամադրած տեքստն ամբողջությամբ։

«Հարգելի՛ Ֆեդերիկա, հարգելի՛ Յոհաննես,
Հարգելի՛ գործընկերներ,

Անկասկած, գալիք գագաթաժողովին ընդառաջ շոշափելի արդյունքների գրանցումը կնպաստի այս շրջանակներում ապագա արդյունավետ համագործակցությանը:

Վերջին երկու տարիների ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ և կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները, մասնավորապես` միացումը COSME և Հորիզոն-2020 ծրագրերին, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի, ինչպես նաև «Ստեղծագործ Եվրոպայի» շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք մտադիր ենք շուտով ավարտին հասցնել:

Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալում ենք աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Այս առումով ակնկալում ենք ԵՄ անդամ-պետությունների հստակ աջակցությունը:

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթաժողովի ընթացքում:

Գրեթե զուգահեռաբար քննարկեցինք և համաձայնության եկանք 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Այս երկու կարևոր փաստաթղթերը կառաջնորդեն Հայաստան-ԵՄ գործընկերությունն առաջիկա տարիներին և կօգնեն մեզ ամրապնդելու մեր փոխշահավետ համագործակցությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ մեր երկրին տրամադրված շարունակական օժանդակության համար, ներառյալ՝ Արևելյան գործընկերություն նախաձեռնության միջոցով, ուղղված Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացմանը և մեր երկրում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Այս առումով ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, որ հիմնարար ազատությունները հարգվել են, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը: Այս խորհրդարանական ընտրությունները հատուկ կարևորություն ունեին Հայաստանի՝ կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցում կատարելու հարցում:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Հանձնաժողովին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթի լրամշակված տարբերակը մեզ տրամադրելու համար, որով ոչ միայն առաջարկվում է գործողությունների լավ ծրագիր առաջիկա տարիների համար, այլև Արևելյան գործընկերության նոր՝ վերանայված կառուցվածք, ինչն անմիջականորեն կապված է այս բազմակողմ հարթակի շրջանակներում գործընկեր երկրների կատարողականի և, ինչն առավել կարևոր է, ընդհանուր պարտավորությունները կյանքի կոչելու քաղաքական կամքի հետ:

Մենք նաև վստահ ենք, որ տարբերակման սկզբունքը բացառիկ հնարավորություն է ընձեռում այդ շրջանակներում զարգացնելու բազմաոլորտ և բազմաշերտ համագործակցություն՝ դրանով իսկ մեզ թույլ տալով պահպանել գործընկերության ամբողջականությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը հավատարիմ է մնում Արևելյան գործընկերության շրջանակներում մեր համատեղ ջանքերին, ինչպես գալիք գագաթաժողովի, այնպես էլ մեր հետագա համագործակցության համատեքստում։

Շնորհակալություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում