«Հրապարակ». ԿԳ փոխնախարարը Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր կնշանակվի

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Առաջիկայում Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը նոր ռեկտոր կունենա, մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնին կնշանակվի կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Իսկ ներկայիս ռեկտոր Գայանե Գասպարյանը կվերադառնա իր նախկին պաշտոնին՝ ամբիոնի վարիչ։ Բանն այն է, որ Գասպարյանի պաշտոնավարման 5 տարին լրացել է, այժմ նոր մրցույթ պետք է հայտարարվի։

Կմասնակցի Գասպարյանը, թե ոչ, չհաջողվեց ճշտել, նա չպատասխանեց մեր զանգին։ Հիշեցնենք, որ Գ․ Գասպարյանը 2012թ․ ռեկտոր էր դարձել մեծ սկանդալի արդյունքում, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հեռացրել էր ռեկտոր Սուրեն Զոլյանին, ով երկար պայքարում էր իր իրավունքների համար։ Նշենք, որ Կարինե Հարությունյանը փոխնախարար է 2010-ից, մինչ այդ ԿԳՆ-ում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում, մասնագիտությամբ ֆիզիկոս է, անվանի գիտնական, կրթության նախկին նախարար Վիլիկ Հարությունյանի դուստրը։

Փոխնախարարի ամուսինն էլ Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպանն է։ Թե երբ կլինի մրցույթը, ԿԳՆ-ից մեզ հայտնեցին, որ համալսարանը ՊՈԱԿ-ից դարձել է հիմնադրամ, ըստ այդմ՝ պետք է սպասեն կառավարության որոշմանը, որից հետո պետք է ձևավորվի խորհուրդ, նոր հայտարարվի մրցույթ։ Բրյուսովի անվան համալսարանից պարզեցինք, որ հունիսի 8-ին կառավարությունն արդեն որոշում կայացրել է, ըստ այդմ՝ եռամսյա ժամկետում պետք է ձևավորվի խորհուրդ, որից հետո հայտարարվի մրցույթ։ Այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարինե Հարությունյանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում