Լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգ չեմ տեսնում. չեմ էլ բացառում, որ կարող են լինել լոկալ բախումներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կանխելու համար ժամանակն է գործուն քայլեր ձեռնարկել: Թերթ.am-ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Վերջինս նշեց, որ վերջին երեք տարիներին Ադրբեջանը փոխել է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ինչը ցույց են տալիս սահմանային միջադեպերը:

«Սրա արդյունքում փոխվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տրամաբանությունը, բանակցային քննարկումների տրամաբանությունը և այլն: Այս առումով շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք հասնել տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման: Իսկ դրա համար, կարծում եմ, որ ժամանակն է գործուն քայլեր նախաձեռնել»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետը նշեց, որ Ադրբեջանը կցանկանար լայնածավալ պատերազմ վերսկսել, բայց չունեն ռեսուրս ու վստահություն, որ կապահովեն պատերազմի դրական ընթացքը:

«Դեռևս նախորդ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ երևաց, որ անկանխատեսելիության կամ անսպասելիության առավելությունը, լավ պատրաստվածությունը իրենց թույլ չտվեց լայնածավալ պատերազմ սկսել, չկարողացան: Ադրբեջանը հասկանում է, որ նման պայմանների, ուժերի նման դասավորվածության պայմաններում չի կարողանում սկսել պատերազմ: Գումարած սրան՝ կան խնդիրներ իրենց բանակում: Պատերազմը նրանց իրականում պետք է»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Բացի դրանից, ըստ փորձագետի, առանց պատերազմի Ադրբեջանը չի կարող փոխել իրավիճակը ԼՂ շուրջ որքան էլ ցանկանա: «Պատերազմ ուզում են, բայց ռեսուրս չունեն: Ուստի ես չեմ տեսնում լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ՝ չբացառելով, որ կարող են լինել լոկալ բախումներ, ինչպիսին նախորդ տարվա ապրիլին տեսանք»,- ավելացրեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում