Բանակցությունները չեն վերսկսվում հայկական կողմի վճռական դիրքորոշման պատճառով. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի առաջ՝ շարունակելու ագրեսիվ քաղաքականությունը: Թերթ.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր ասաց փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Վերջինս ասաց, որ ՄԽ համանախագահների վերջին երկու հայտարարությունները միմյանցից տարբերվող էին. մեկը՝ հասցեական էր, իսկ մյուսն ուղղված էր հակամարտող երկու կողմերին էլ:

«Վերջին երկու հայտարարությունները համեմատելիս կտեսնենք, որ հայտարարությունների բովանդակությունը ՄԽ համանախագահները Ադրբեջանում հավասարակշռել են: Մենք տեսանք այն, ինչը մեծ հաշվով հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը: Պարզ է, որ Մինսկի խմբի համանախագահները սահմանափակ են իրենց հնարավորություններում, փորձում են լինել միջնորդների առաքելության մեջ: Բայց վերջին հայտարարությունը ոչինչ էր, ոչինչ չասող: Եվ սա փոքր-ինչ հիասթափեցնող էր»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետը նկատեց, որ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորության տեսակետից վերլուծելու արդյունքում հասկանալի է դառնում, որ Մինսկի խումբը կոչ է անում զիջումների գնալ, իսկ Ադրբեջանում դա հասկանում են որպես նոր կրակոցներ արձակելու թույլտվություն:

Իսկ բանակցային սեղանի շուրջ, ըստ Մելիք-Շահնազարյանի, չի վերադառնում հայկական կողմը, որովհետև պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին Վիեննայում, չեն կատարվում:

«Իսկ սրանք թույլ կտան մեզ համոզված լինել, որ նոր բանակցային գործընթացը Ադրբեջանի համար չի օգտագործվի պատերազմ սկսելու համար: Բանակցությունները չեն վերսկսվում հայկական կողմի վճռական դիրքորոշման պատճառով: Ադրբեջանը շատ կուզեր մոռացության մատնել ապրիլը, նստել բանակցային սեղանի շուրջ, զրոյից սկսել ամեն ինչ, իսկ հայկական կողմը սա թույլ չի տալիս, ինչը դիվանագիտական ճիշտ քայլ է: Որովհետև կան պահանջներ, որոնք պետք է իրականացվեն»,- շեշտեց փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում