Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսելու բավարար ռեսուրս չունի

Ադրբեջանում հասկանում են, որ լայնածավալ պատերազմ սկսելու, առավել ևս հաջողության հասնելու ռեսուրս չունեն, ինչն ապացուցվել է մի քանի գործողություններով: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը զրկվել է նաև կարևոր քաղաքական գործոններ շահարկելու հնարավորությունից: Դրան գումարվում են իրենց ներքին խնդիրները: Հունիսի 20-ին կայացած ասուլիսում այս մասին խոսեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ադրբեջանը չունի բավարար ռեսուրսներ: Ապրիլյան պատերազմի ժամանակ լավ պատրաստված լինելով՝ Ադրբեջանը չկարողացավ մարտական գործողությունները վարել այնպես, որ դրանք վերաճեն լայնածավալ պատերազմի և որոշակի խնդիրներ լուծեն: Այս տարի ևս եղան դիվերսիոն հարձակման փորձեր, սակայն օպերատիվորեն բացահայտվեցին և սահմանախախտները ոչնչացվեցին: Ադրբեջանը հասկանում է, որ ուժերի նման հավասարակշռության պայմաններում չեն կարող լայնածավալ պատերազմ սկսել և հաջողության հասնել: Դրան գումարվում են նաև իրենց ներքին խնդիրները, որոնք չափազանց շատ են՝ սկսած տնտեսականներից, վերջացրած բանակում առկա մտահոգիչ փաստերով, որոնք դրսևորվում են պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հակասություններով»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ պատերազմն Ադրբեջանին պետք է, սակայն կան բազմաթիվ խոչընդոտող հանգամանքներ: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը զրկվեց շատ կարևոր քաղաքական գործոններ շահարկելու հնարավորությունից: «Նախկինում Ադրբեջանը պատերազմ չսկսելն արդեն իսկ փոխզիջում էր ներկայացնում՝ նշելով, թե իրենց ռազմական բյուջեն Հայաստանի ողջ բյուջեի չափ է, ամեն պահի պատերազմի միջոցով կարող են հարցն ի օգուտ իրենց լուծել: Ներկայումս այնպիսի իրավիճակ է, որ Ալիևն ինքն է խոստովանում, թե իր վրա քաղաքական ճնշում են գործադրում՝ ճանաչելու Արցախը»,-ասաց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ՝ ինքն այս պահին չի տեսնում լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ՝ չբացառելով առանձին բախումները, որոնց ականատես եղանք վերջին օրերին: Ադրբեջանի դեպքում կա ցանկության և հնարավորության անհամապատասխանություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում