Հայաստանի կողմից աջակցություն ենք զգում ահաբեկչության դեմ պայքարում. ՀՀ- ում Եգիպտոսի դեսպան

ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանը Եգիպտոսում տեղի ունեցող ահաբեկչության դեմ պայքարի հարցում նշում է Հայաստանի աջակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարության այն հայտարարությանը, ըստ որի Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ էր տրվել առանց անհրաժեշտության չլքել հանգստի գոտիները: Դեսպանն հասկանալի համարեց այդ հայտարարությունը և հավելեց, որ ՀՀ կառավարությունն իրավունքի ունի պաշտպանելու իր քաղաքացիներին:

«Նմանատիպ հայտարարությունները նորություն չեն, կարգադրությունը երկար ժամանակ է գործում: Անվտանգության տեսանկյունից` ահաբեկչության դեմ պայքարում հասել ենք որոշակի հաջողությունների, որը, մեր կարծիքով, անում ենք ամբողջ միջազգային հանրության անունից: Մեր աջակցությունն ենք զգում Հայաստանի կողմից ահաբեկչության դեմ պայքարում և շատ ենք գնահատում այն: Ես կարող եմ հասկանալ այդ հայտարարությունը և, հուսով եմ, իրադրությունը շուտով կփոխվի և ամեն ինչ լավ կլինի»,– ասաց դեսպանը` հավելելով, որ Հայաստանից Եգիպտոս և հակառակ ուղղություններով իրականացվող կանոնավոր չվերթները կապացուցեն, որ Եգիպտոսն ապահով է, և մարդիկ իրենց կարծիքը կփոխեն: «Երբ այնտեղից ուրախ հետ վերադառնան, մյուսներին էլ այն կքաջալերի»,- ավելացրեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում