«Երկրները չեն կարող ընտրել իրենց աշխարհագրական դիրքը, բայց կարող են ընտրել ապագան». Ջուդիթ Ֆարնուորթ

«Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները և կարևորում այդ չարիքն արմատախիլ անելու պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորումը»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ այսօր ԱԺ-ում ընդունելով ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգն հետզհետե ընդարձակվում է՝ արձանագրելով հայ-բրիտանական քաղաքական շփումների և համագործակցության ակտիվացում:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարությունը զարգացնելու, մարդու իրավունքները պաշտպանելու հստակ ուղղությամբ՝ աշխարհում խաղաղության և ժողովրդավարության համար պայքարող քաղաքակիրթ հանրության մասը կազմելով:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել այդ հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի ունեցած դիրքորոշման համար և նշել, որ Հայաստանը հաստատակամ է հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Որպես բժիշկ՝ առավել կարևորում եմ մարդկային կյանքը և ցավ եմ ապրում, երբ խաղաղ պայմաններում, հրադադարի ժամանակ երիտասարդներ են զոհվում: Քսանմեկերորդ դարում և քաղաքակիրթ աշխարհում սա անընդունելի է»:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի և կարող է աջակցել Հայաստանին՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները զարգացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու գործում:

Ջուդիթ Ֆարնուորթը ցավակցություն է հայտնել վերջին օրերին շփման գծում զոհված չորս զինծառայողների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ հրադադարի պայմաններում այդ երիտասարդների մահն իրոք ցավալի և անընդունելի է: Այս համատեքստում տիկին Ֆարնուորթը փաստել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումները և հակամարտության լուծումը տեսնում բացառապես բանակցային ճանապարհով:

Դեսպանը նշել է, որ երկրները չեն կարող ընտրել իրենց աշխարհագրական դիրքը, բայց կարող են ընտրել ապագան. Հայաստանում տեսանելի են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ուղղությամբ կատարվող քայլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում