ՀՀ ԲՆ-ն կարող է 550 մլն դոլարի երկկողմանի արտաքին պարտքը վերածել բնապահպանական ծրագրերի

ՀՀ բնապահպանության նախարարությունը ցանկանում է առաջիկա բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար նոր գործիք ներդնել: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց , որ ՀՀ կառավարության ծրագրում բնապահպանական ոլորտի ծրագրերն իրականացվելու են դրամաշնորհների արդյունքում: Նրա խոսքով` դրամաշնորհների աղբյուրները բազմաթիվ են` սկսած «Կանաչ կլիմայի» և «Հարմարվողականության» հիմնադրամից, ավարտված մի նոր գործիքով:

«Այդ գործիքի ներդրումը հանրապետության նախագահի հրամանով պետք է արագացնենք իրականացնել: Դրա արդյունքում երկկողմանի վարկային պարտավորությունները կվերածվեն բնապահպանական ծրագրերի: Օրինակ` եթե Ֆրանսիայի հետ երկկողմանի արտաքին պարտք ենք ներգրավել, ապա բանակցությունների արդյունքում ուզում ենք հասնել այն արդյունքին, որ այդ պարտքը մարենք ոչ թե Ֆրանսիային վճարելով, այլ այն ներդնելով մեր շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի բարելավման գործում: Այդպիսին ընտրել ենք 5 երկիր, որոնք պոտենցիալ ունեն այս ծրագիրն իրականացնելու համար: Դրա հետևանքով նաև արտաքին պարտքի նվազեցում կլինի: Այս պահին հաշվարկված է շուրջ 550 մլն դոլարի այդպիսի հնարավորություն»,- ասաց նախարարը` հավելելով, որ որքան շատ իրականացվեն նման դրամաշնորհներ, այնքան շրջակա միջավայրի բարելավման ծրագրերն արդյունք կտան, և, միևնույն ժամանակ, մեր արտաքին պարտքը կնվազի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում