«Հայկական ժամանակ». ԵԼՔ. Կառավարության ծրագրում հիմնականում կենաց հիշեցնող ձևակերպումներ են

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ հանդիպել է, բացի «Ելք» խմբակցությունից: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ չի պատճառաբանվել, թե ինչու Կարեն Կարապետյանը չի ցանկացել հանդիպել «Ելք» խմբակցության պատգամավորների հետ, սակայն առաջարկ է եղել ընդդիմադիր խմբակցությունների հետ միասնական հանդիպում կազմակերպել, սակայն դա էլ «Ելք»-ն է մերժել:

«Ընդունված պրակտիկա է տարիներ ի վեր, որ վարչապետը հանդիպում է նաև արտախորհրդարանական ուժերի հետ: Երբ ներկայացվում է երկրի զարգացման ծրագիրը, սովորաբար վարչապետը հանդիպում է բոլոր խմբակցությունների հետ: Նախորդ խորհրդարանի դեպքում նախ բոլոր անկախ պատգամավորներին են հանդիպել վարչապետները, այս ամենից հետո նման վերաբերմունք.. .չգիտեմ»,- ասել է Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ Ազգային ժողովի այսօրվա նիստում խմբակցության պատգամավորներն իրենց հուզող հարցերը կուղղեն կառավարության ղեկավարին:

Խոսելով բուն ծրագիր մասին՝ ընդդիմադիր պատգամավորն ասել է. «Ծրագիրն ինքնին շատ վերացական բնույթի է, հիմնականում կենաց հիշեցնող ձևակերպումներ են, որ պետք է արտահանումը բարձրանա 40 տոկոսով, պետք տուրիզմը զարգանա և հասնի տարեկան 3 միլիոնի: Այսինքն` չհիմնավորված թվեր են, որն անընդունելի է: Կառավարության ծրագրում եթե կան թվեր, դրանք պետք է ունենան հիմքեր»:

«Ելք»

Հետևեք մեզ նաև Telegram-ում