Պայթյուն Բրյուսելի կայարանում

Հերթական ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել Եվրոպայում: Փարիզում եւ Լոնդոնում կատարված մի շարք հարձակումներից հետո հունիսի 20-ին անհայտ անձը պայթուցիկ սարք է գործի դրել Բրյուսելի Կենտրոնական կայարանի դրամարկղների մոտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բազմության մեջ չարագործին նկատել է զինվորական պարեկախումբը. նրան մատնել են հագուստի տակից երեւացող հաղորդալարերը: Զինվորականները գնացել են դեպի կասկածանք հարուցող մարդը, ինչից հետո որոտացել է պայթյունը:

Ահաբեկիչը, հասկանալով, որ գրավել է իրավապահների ուշադրությունը, գործի է դրել պայթուցիկ սարքը, որի տիպը մինչեւ հիմա պարզված չէ:

Պայթյունը եղել է ոչ մեծ ուժի, ուստի շրջապատողները չեն տուժել: Ականատեսների հաղորդումներով՝ արտակարգ պատահարի վայրում շատ ծուխ է եղել, խուճապ է սկսվել, սակայն կարգի պահապանները եւ կայարանի անձնակազմը կարողացել են արագորեն իրադրությունը վերցնել վերահսկողության տակ:

Հանցագործի ինքնությունը եւ դրդապատճառներն առայժմ պարզված չեն: Բելգիայի ֆեդերալ դատախազությունը միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչական գործողություն: Վարչապետ Շառլ Միշելը հրավիրել է ազգային Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Ահաբեկչական սպառանալիքի մակարդակն առայժմ մնում է անփոփոխ՝ երրրորդ, նախավերջին նիշում:

Ավելի ուշ դատախազությունը հայտնել է, որ ահաբեկչական գործողություն կատարողը մահացել է: «Մենք կարող ենք հավաստել, որ կասկածյալն ստացել է մահացու վիրավորում, նա մեռած է»,- հայտարարել են գերատեսչությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում