Ադրբեջանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Արցախի ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Արցախի ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում