ՊԵԿ-ը ՀԴՄ-ներով կատարվող մոնիթորինգի շրջանակում 838 ծանուցում է ուղարկել ռիսկային տնտեսավարողներին

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաներով կատարվող մոնիթորինգի շրջանակում առաջին ծանուցումներն ուղարկվել են մայիսի 5-ից և այդ ընթացքում մինչև հունիսի 17-ն արդեն ուղարկվել են 838 ծանուցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծագրերի վարչության պետի տեղակալ Մխիթար Այվազյանը: Նրա խոսքով` այդ թվից 143-ը կրկնակի են ուղարկվել տնտեսավարող սուբյեկտներին ռիսկային վարքագիծ ցուցաբերելու համար:

«Ունենք 34 առարկություն և բացատրություն, որոնց մի մասն ընդունվել են որպես հիմնավորում, իսկ մի մասը համարվել է ոչ հիմնավոր, և նրանց մոտ պետք է իրականացվեն հսկողական միջոցառումներ` ճշտելու դրանց իրականությունը»,– ասաց Այվազյանը` ներկայացնելով, որ ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրում է հարկ վճարողների ռիսկային փոփոխությունները, դրանց դինամիկան և նրանց ուղարկված ծանուցումների միջոցով փորձում կանխարգելել անապրանք փաստերով գործարքների, իրացման հայտերի թերհայտարարագրման, գների նվազեցման ռիսկերը:

Նրա խոսքով` իրենց աշխատանքներն ուղղված են տարածքային հարկային տեսչություններից տեսչական ընթացիկ հսկողությունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն:

«Նախկինում հարկային տեսուչն էր իր զեկույցով հիմնավորում որևէ հարկ վճարողի մոտ հսկիչ դրամարկղային մեքենաների ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը, այսուհետ համակարգն է ստուգելու այն, և դրանով իսկ արդեն բացառվելու են հարկային մարմնի ու հարկ վճարողի շփումները` արդյունքում նաև ունենալով կոռուպցիոն հնարավոր ռիսկերի նվազեցում: Հույս ունենք, որ համակարգի ներդրումը նոր որակի կբարձրացնի ՊԵԿ-հարկ վճարողներ հարաբերությունները, կձևավորի նաև նոր մշակույթ, որը խարսխված կլինի արդար, թափանցիկ կառավարման հենքի վրա: Միաժամանակ ակնկալում ենք, որ այն կհանդիսանա կարևոր օղակ, որը ռիսկերի կառավարման և օպերատիվության հարցում մեզ բավականին օժանդակություն կցուցաբերի»,– ասաց նա:

Մխիթար Այվազյանն ընդգծեց, որ համակարգի մեջ նաև ներդրված է «խելացի» կառավարման գաղափարը, որի պարագայում արդեն տեղեկատվական տվյալների բազայի հիման վրա ամբողջապես վերլուծվում են հարկ վճարողի տնտեսական գործունեության բոլոր առանցքային հարցերը:

ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնի եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի պետ Շուշան Հովհաննիսյանը բացատրեց, թե ինչ է նշանակում չափագրում: Նրա խոսքով` հարկային ծառայողների կողմից իրականացվում են որոշակի ստուգումներ, որոնք դեռևս պարտավորություններ չեն առաջացնում, չափում են հարկի վճարողի ապրանքատեսականին, գները և այլն:

«Եթե հարկային ծառայողները չափագրում են իրականացրել հարկ վճարողի մոտ, որից հետո նա նվազեցրել է իր իրացման շրջանառությունը, գուցե նաև չի տպել համապատասխան գործարքը, ապա այս պարագայում մենք առանձնացնում ենք տվյալ հարկ վճարողին, հետաքրքրվում ենք, թե ինչու է փոխել վարքագիծը, իրացման շրջանառությունը: Սակայն բոլոր հարկ վճարողներին նման մոտեցում չենք ցուցաբերում, քանի որ կան որոշակի գործոններ, որոնցով պայմանավորված նրա իրացման շրջանառությունը կարող է տրամաբանորեն փոխվել, օրինակ՝ սեզոնայնությունը»,– ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ մոնիթորինգի բաժնի պետ Գուրգեն Վարդանյանը նշեց, որ մոնիթորինգի կենտրոնը 6 300 ընկերությունների ցանկից պետք է ընտրություն կատարի, թե որոնք են իսկապես ռիսկային: Նրա խոսքով` ծանուցումն ուղարկելուց հետո հնարավորություն կա իմանալու՝ ստացողը դիտե՞լ է այն, թե ոչ:

«Մեր ուղարկած հայտերի 66 տոկոսը դիտարկվել է, 17 տոկոսը կրկնակի ծանուցում է ստացել: Այսինքն`առաջին ծանուցումը ստանալուց հետո նրանց վարքագիծը չի փոխվել, և այն համարել ենք ռիսկային ու կրկնակի ծանուցել: 6 տոկոսն արձագանքել է մեր ծանուցումներին»,– ասաց Վարդանյանը` տեղեկացնելով, որ հուլիսի 1-ից նախատեսված է, որ ծանուցումներն ուղարկվեն նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներին:

Նա նաև բացատրեց, որ եթե ծանուցումների արդյունքում տնտեսավարողների վարքագիծը չի փոխվում, ապա կենտրոնը որոշակի ցանկ է կազմում և տրամադրում ստուգող մարմիններին, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն և պարզեն ռիսկային վարքագծի պատճառները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում