Ադրբեջանի դեմ պայքարում Հայաստանը պետք է նախահարձակ լինի տեղեկատվական և նոր դաշնակիցների հետ համաձայնագրեր կնքելու ճակատներում

Ադրբեջանը մտածում է, որ կարելի է պատերազմ սկսել, սակայն ռազմական բալանսն այսօր կարող է վատ հետևանքներ բերել Ադրբեջանին: Այս պարագայում խիստ անհրաժեշտ է իմանալ Ադրբեջանի այն կառույցները, որոնց խոցումը կհանգեցնի լուրջ հետևանքների: Պետք է առաջընթաց գրանցել բարձր տեխնոլոգիաների և քաղաքական տեխնոլոգիաների ոլորտներում, իսկ նախահարձակ լինել միայն տեղեկատվական և կբեռանվտանգության ճակատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 21-ին կայացած ասուլիսում այս մասին խոսեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Ադրբեջանը բավական աչալրջորեն հետևելով քաղաքական զարգացումներին՝ մտածում է, որ կարելի է պատերազմ սկսել, բայց ռազմական բալանսն այսօր կարող է շատ վատ հետևանքներ բերել Ադրբեջանին: Միևնույն ժամանակ Ադրբեջանում թուրքերից բացի կան բազմաթիվ խորհրդականներ, որոնք երբեմն հուշում են՝ պատերազմ սկսել: Սակայն ներկայումս դա իրատեսական չէ»,- ասաց Գագիկ Հարությունյանը և նշեց, որ, այնուամենայնիվ, երբ խոսքը Ղարաբաղյան հակամարտության մասին է, պետք է պատրաստ լինել:

Նրա կարծիքով՝ պետք է դիմել որոշակի քայլերի: Անհրաժեշտ է Ադրբեջանի ռազմավարությանը հակադրել մերը: «Կարող ենք դիմագրավել մարդկային ռեսուրսների որակի բարձրացմամբ: Կարծում եմ, այդ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն արվում են: Պետք է հաջողության հասնել բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև քաղաքական տեխնոլոգիաների ոլորտում: Կարևոր է իմանալ հակառակորդի կրիտիկական ենթակառուցվածքները՝ այն կառույցները, որոնց խոցումը կհանգեցնի անդառնալի կորուստների»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ըստ ռազմական, քաղաքական, փորձագիտական հանրությունում կատարված հարցումների արդյունքների՝ Հայաստանը պետք է կիրառի քաղաքական նոր տեխնոլոգիաներ: Փորձը ցույց է տվել, որ միջազգային կառույցների միջամտությունը միշտ չէ, որ արդյունավետ է: Ըստ հարցումների արդյունքների՝ հարցվածների 60 տոկոսը կարծում է՝ միջազգային հանրության դերը հանգեցնում է միայն լարվածության աճի: Հետևաբար՝ պետք է փնտրել նոր դաշնակիցներ: «Նման դաշնակից կարող է մեզ համար հանդիսանալ Հունաստանը, որը Թուրքիայի հետ ունի նույն խնդիրները, ինչ՝ մենք: Հարաբերություններն այդ երկրի հետ պահպանվում են բարձր մակարդակով: Հիշեցնեմ, որ 90-ականների սկզբին, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Հունաստանի ռազմական գերատեսչությունը խոշոր օգնություն ցուցաբերեց Հայաստանին: Մենք պետք է զարգացնենք մեր դաշնակցային մտածելակերպը»,- ասաց հիմնադրամի տնօրենն ու հավելեց, որ նախահարձակ պետք է լինել տեղեկատվական, կիբեռհարձակումների, նոր դաշնակիցների հետ համաձայնագրեր կնքելու ճակատներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում