Բրյուսելի կայարանում սպանված ահաբեկիչը 36-ամյա մարոկոյացի Ուսամա Ժ-ն էր

Բրյուսելի Կենտրոնական կայարանում հունիսի 20-ին պայթյուն իրականացրած ահաբեկիչը 36-ամյա մարոկոյացի է, որը մշտապես բնակվում էր Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում, նա գործել է մենակ: Ինչպես հունիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Բրյուսելի դատախազության ներկայացուցիչը, պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

«Ահաբեկչի ինքնությունը պարզված է: Նրան կոչում են Ուսամա Ժ.: Նա ծնվել է 1981 թվականին եւ բնակվում է Մոլենբեկ կոմունայում»,– հայտնել է դատախազությունը: «Նա գործել է մենակ եւ մահապարտի գոտի չի ունեցել»,- հավելել է դատախազության ներկայացուցիչը: Նրա խոսքով ահաբեկիչը ռումբը գործի է դրել անվավոր պայուսակում, բայց այն չի գործել: Նա հայտնի էր ոստիկանությանը, բայց ոչ ահաբեկչության հետ կապված գործերով: «Հանցագործը, անտարակույս, ցանկանում էր ավելի մեծ վնաս հասցնել»,– նշել Է դատախազության ներկայացուցիչը: «Զինվորականները արագ են հակազդել եւ հաջողությամբ չեզոքացրել ահաբեկչին», – ասել է նա:

Դատախազությունը նաեւ հաստատել է խուզարկությունների անցկացումը Մոլենբեկում ահաբեկչի բնակարանում:

Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 20-ին Բրյուսելի Կենտրոնական կայարանի դրամարկղների մոտ: Անհայտ մեկը, «Ալլահ Աքբար» գոչելով, գործի է դրել պայթուցիկ սարքը: Այն շատ փոքր հզորության է եղել, բայց միջադեպի վայրը ծածկվել է ծխով: Հանցագործը փորձել է փախչել, բայց գնդակահարվել է զինվորական պարեկախմբի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում