Կառավարության ծրագրում Հայաստանի մարտահրավերներին դիմակայելու ուղիներն են. Շարմազանով

Հայաստանի կառավարության ծրագիրը հիմնված է կոալիցիոն գործընկերներ Հանրապետական կուսակցության ու ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի ու նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին խորհրդարանում ունեցած ելույթի հիմնադրույթների վրա: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կառավարությունը, որի քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, ներկայացրել է այս ծրագիրը, որը քննարկել ենք մանրամասն ՀՀԿ խմբակցությունում ու ՀՅԴ-ի գործընկերների հետ ևս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը նշեց, որ Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, և այս ծավալուն փաստաթղթի մեջ հստակ, ուղիղ ներկայացված են այդ մարտահրավերներին դիմակայելու միջոցները: «Մենք ունենք անվտանգության բազում մարտահրավերներ, գումարած ահաբեկչության մարտրահրավերը: Ուղիղ Հայաստանից մինչև Սիրիա մի քանի հարյուր կիլոմետր է: Մենք՝որպես քաղաքական իշխանություն, պարտավոր ենք բոլոր բացասական բաները դիտարկել»,-նկատեց ԱԺ փոխխոսնակը:

Նա շեշտեց՝ ՀՀ ու Արցախի անվտանգությունը, որ ամենակարևոր հարցն է, ներառված է ծրագրի մեջ: «Պատահական չէ, որ ՀՀԿ-ն գնաց ընտրությունների «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով»,-ասաց նա:

Շարմազանովն անդրադարձավ նաև ընդդիմադիրների քննադատություններին, թե արտաքին հարաբերությունների, մասնավորապես Արցախի մասին մի տողով է գրված: «Մի տողով է գրված, բայց շատ դիպուկ, ուղիներն են նշված»: Նա հիշեցրեց, որ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կարևորագույն դրույթներն են այս հարցում. «Իշխանությունը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ Արցախի ժողովրդի ճակատագիրն ու ապագան պետք է նախևառաջ որոշի հենց Արցախի բնակչությունը, մենք ջանք չենք խնայելու, որ հասնենք Արցախի Հանրապետության «դե յուրե» ճանաչման»:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ Կառավարությունը նաև պայքարելու է կոռուպցիայի դեմ, տարեկան նվազագույնը 5 տոկոս տնտեսական աճ է պատրաստվում ապահովել, 25 տոկոս նվազագույն աշխատավարձի աճ, գործազրկության կրճատում, աղքատության կրճատում 12 տոկոսային կետով: Շարմազանովի խոսքով՝ այս ամենին հնարավոր է հասնել, իսկ դրա համար հարկավոր է աշխատել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում