Կավից մինչև ծաղիկ-մետաղ երկխոսություն. Լուսինեի` բիզնեսի վերածված հոբբին

Կավի լեզուն Լուսինե Հարությունյանը սկսել է հասկանալ 12 տարի առաջ, երբ սովորում էր Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի վերջին կուրսում: Ինքնատիպ զարդեր կրելու ցանկությունն ու նկարչական հմտությունները գումարվեցին և արդյունքում ծնվեց «Lusine Harutyunyan handmade»-ը: Սկզբում միայն կավից, հետո` կավի ու կաշվի, ծաղկի ու մետաղի համադրությամբ պատրաստված զարդերը սեփական ահանջմունքը բավարարելուց զատ հետաքրքրություն առաջացրին Լուսինեի ծանոթ-բարեկամների մոտ, և հոբբին վերածվեց բիզնեսի: «Երբ պատրաստում ես ինչ-որ բան, որը վաճառվում է, ունի պահանջարկ, դա բիզնես է: Ուրիշ անուն չես կարող տալ»:

Փոքր քայլերով ձեռներեցության աշխարհ մտած Լուսինեն ոլորտի տրամաբանությունը հասկացել է ո´չ տեսական նյութերի, ո´չ թրեյնինգների, ոչ էլ հաջողված բիզնես-պատմությունների օգնությամբ. հաջողության ուղին հարթել է հաճախորդների հետ միասին: «Ես շատ եմ շփվում հաճախորդներիս հետ, փորձում եմ հասկանալ` ինչ են ուզում, ինչի պահանջարկ կա, միևնույն ժամանակ, օգնում են նրանց` կատարել ճիշտ ընտրություն և, պատկերացրեք, որ շատ դեպքերում ընդունում են խորհուրդս: Այսինքն` փորձում եմ ինքս էլ ճաշակ թելադրել»,-ասում է երիտասարդ ձեռներեցն ու սպառողների մոտ իր կարծիքի ընդունելի լինելը վստահորեն կապում մասնագիտության հետ: «Եթե ես նկարիչ չլինեի, չիմանայի, թե ինչ է գունային համադրությունը, կոմպոզիցիան և այլն, դժվար թե կարողանայի իմ այս ձեռնարկում հաջողության հասնել: Ամեն դեպքում, ցանկացած գործ պահանջում է համապատասխան գիտելիք»:

Նկարչի մասնագիտությունը Լուսինեին շատ է օգնել, բայց «Lusine Harutyunyan handmade»-ն ավելի քան մեկ տասնամյակ է կա, նախ և առաջ, ճիշտ բիզնես քաղաքականության շնորհիվ: «Եթե ինչ-որ բան քեզ հետաքրքրում է ու տեսնում ես, որ կարող է եկամուտ բերել, ոչինչ չպիտի խնայես, պիտի միջոցներ հայթայթես, ուղիներ գտնես այն ձեռք բերելու համար: Հետո ամեն ինչ ինքնըստինքյան կստացվի: Եթե մտածես` չունեմ, ինչո՞վ գնեմ, ոչինչ չի ստացվի: Աշխատել է պետք, անընդհատ պրպտել ու աշխատել, իսկ որևէ գործ ձեռնարկելու դեպքում էլ` ճիշտ կազմակերպել: Ստացված եկամուտը պետք է նորից ներդնես գործի մեջ, այլ նպատակով չծախսես»,-վստահեցնում է ձեռներեցության մեջ արդեն տարիների փորձ ունեցող Լուսինեն:

Ապրանքանիշը հուշում է, որ հեղինակը Լուսինեն է, բայց արդեն երկու տարի է` ծաղկային կոմպոզիցիաների մեծ մասն անում է քույրը` Անին: Ձեռքի աշխատանքի հանդեպ սերը` մեկ, քրոջն օգնելու ցանկությունը մյուս կողմից նպաստեցին, որ «Lusine Harutyunyan handmade»-ը դառնա Հարությունյան քույրերի հոբբին ու սեփական գործը:

Աշխատանքի բաժանումն էլ ինքնաբերաբար է եղել. Անին, որ սկզբում կոմպոզիցիայի համար անհրաժեշտ ծաղիկները միայն հավաքում ու չորացնում էր, կամաց-կամաց սկսեց անձամբ նաև կոմպոզիցիաներով զբաղվել, իսկ մնացած գործի և, իհարկե, վերջնական տեսքի համար պատասխանատուն մնում է ապրանքանիշի հիմնադիրը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում