Ադրբեջանի արդարադատության նախարարությունը խոսել է Լապշինի առողջական վիճակի մասին

Ադրբեջանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆաիգ Գուրբանովը վստահեցրել է, թե այդ երկրում կալանավորված բլոգեր Ալեքսնադր Լապշինի առողջական վիճակը ուշադրության կենտրոնում է պահվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

«Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ինչպես նար մյուս բանտարկյալների առողջական վիճակն ուշադրության կենտրոնում է գտնվում: Եթե որևէ մեկի առողջական վիճակը վատանում է, իհարկե, դրան ուշադրություն է դարձվում»,- ասել է նա:

Հակառակ ադրբեջանական կողմի պնդումների՝ Լապշինի կինը՝ Եկատերինան, պարբերաբար իր մտահոգություններն է հայտնում ամուսնու առողջական վիճակի մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե նա իրեն նորմալ է զգում: Եկատերինան հայտնել է, որ բանտարկվելուց հետո Լապշինի մոտ սկսվել է տախիկարդիա և նյարդացավ: Բացի այդ, նա ցավեր ունի գոտկատեղի հատվածում և ոտքում, ինչի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվում: Եկատերինան ահազանգել է, որ նման առողջական վիճակ ունեցող մարդուն պետք է լուրջ բուժզննման ուղարկել հիվանդանոց, այլ ոչ թե բուժել մեկուսարանի բուժկետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում