Արդարադատության նախարարությունն ԱԺ կներկայացնի քրեական և քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքեր

Հայաստանի արդարադատության նախարարությունը նախատեսում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել քրեական և քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքեր: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ունեցած արտահերթ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց դատական-իրավական ոլորտում նախատեսվող փոփոխությունները: Նա նկատեց, որ դատական վեճերը վերջին շրջանում ավելացել են, ինչը նշանակում է, որ բարձրացել է դատարանների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը: «Միևնույն ժամանակ, դա ավելի է վեր հանում այն խոցերը, որոնք դեռևս համակարգում առկա են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարությունյանը:

Խոսելով քրեակատարողական ոլորտի մասին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այստեղ խնդիրները շատ են, որոնք կարգավորելու համար հետևողական աշխատանք է անհրաժեշտ իրականացնել: Նախարարն առաջնահերթ լուծման խնդիր է համարում նախկին դատապարտյալների համար աշխատատեղերի ապահովումը: «Նախկին դատապարտյալները, հիմնականում անգործության են մատնված լինում: Նրանք, սակայն, պիտի գտնեն իրենց տեղն աշխատաշուկայում»,- ասաց նախարարը:

Դավիթ Հարությունյանը կարևորեց պրոբացիոն ծառայությունը, որի նպատակն էլ հենց հանցագործություն կատարած անձի վերաինտեգրումն է հասարակությանը՝ ընդգծելով, որ պրոբացիոն ծառայությունը կարևոր դեր է ունենալու ոլորտում նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում