ՀՀ ոստիկանապետը ոստիկանության զորքերի 25-ամյա հոբելյանի առթիվ պարգևատրել է մի շարք զինծառայողների

Ոստիկանության զորքերի կազմավորման հունիսի 21-ին լրացած 25-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է հոբելյանական արարողություն, որի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարգևատրել է մի շարք զինծաքայողների։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Քառորդ դար առաջ՝ երկրի համար բախտորոշ տարիներին, Զորքերը պատվով կատարեցին հասարակական անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար խնդիրներն ու ծանրակշիռ դեր ունեցան մեր սահմանների պաշտպանության գործում: Եվ այսօր մեզ ու աշխարհին ներկայանում են որպես հերոսական կենսագրություն ունեցող, ծառայողամարտական բարձր պատրաստականություն ցուցաբերող, տեխնիկապես հագեցած ու մշտապես նորացող օրինապահ կազմավորում:

Հոբելյանական արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ, հյուրեր:

Հանդիսության մասնակիցները ծանոթացան զինտեխնիկայի և հատուկ միջոցների նմուշներին, որոնցով վերջին շրջանում հագեցվել են ոստիկանության զորքերը:

Այնուհետև ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողությունն էր:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հուշարձանի հեղինակ քանդակագործ Հովիկ Կոստանյանը պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Հանդիսությունն սկսվեց ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցով:

Հոբելյանի առթիվ Զորքերի անձնակազմին ողջույնի խոսքով դիմեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության զորքերի քառորդդարյա ուղին արժևորեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մի խումբ զինծառայողներ ծառայողական և մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար և ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության զորքերի կայացման ընթացքին և առաքելությանը:

Ոստիկանության պետի հրամանով՝ ծառայողական և մարտական բարձր պատրաստականության համար և հոբելյանի առթիվ Զորքերի մի շարք զինծառայողներ արժանացան խրախուսանքների:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված արարողություններն ավարտվեցին հանդիսավոր երթով, որին հաջորդեց պատվո պահակախմբի ցուցադրական ելույթը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում