ՊՆ խոսնակ. Ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութը էժանագին թատրոն է

«Տեսանյութում ցուցադրվածը էժանագին թատրոն է»,-Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված իբր հայ հետախույզի հարցաքննության տեսանյութին, նման գնահատական տվեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք որևէ դիվերսիա չենք արել, ու առավել ևս որևէ գերեվարված դիվերսանտ չունենք: Ավելին՝ տեսանյութում նշված անուն ազգանունով զինծառայող չունենք և չենք ունեցել»,- նշեց Ա.Հովհաննիսյանը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում առավոտյան լուր տարածվեց այն մասին, իբր հայկական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, որի հետևանքով կա մեկ գերեվարված զինծառայող: Այնուհետև տարածվեց տեսանյութ, որում իբրև գերեվարված ոմն Զավեն Հովհաննեսի Կարապետյանը պատմում է իր և իր առաջադրանքի մասին:

Զավեն Կարապետյան ներկայացած անձն ասում է, որ ինքն իբր Տավուշի մարզի Դովեղ գյուղից է: Լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով Դովեղից է, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Որպես Դովեղ գյուղի բնակիչ ասեմ, որ ադրբեջանցիների տարածած նյութում Դովեղ գյուղից ներկայացող անձը Դովեղից չէ։ Նման մարդ չկա մեր գյուղում։ Ուղղակի չկա։ Բնական է, որ ես դեմքով ճանաչում եմ մեր գյուղի բոլոր 500 բնակիչներին։ Եվ ի դեպ, մեր գյուղի դիվերսանտները առնվազն հասնում են Բաքու և ոչ թե բռնվում են մեր հարևան Քամառլույում: Բացի այդ, Դովեղում Կարապետյան ազգանուն ընդհանրապես չկա ու չի եղել։ Ադրբեջանցիները շատ պրիմիտիվ բաներ են անում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում