ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի տարեկան 5 տոկոս աճ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ելույթ է ունեցել Ազգային Ժողովում ՀՀ կառավարության Ծրագրի ներկայացման ժամանակ՝ նշելով, որ ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի տարեկան 5 տոկոս աճ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգարժան պարոն վարչապետ,

Հարգելի պատգամավորներ

Ձեզ է ներկայացվում գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերը և նպատակները: Նախատեսում ենք տարեկան առնվազն 5 տոկոսով ոլորտի համախառն արտադրանքի ավելացում, պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, բարձրաժեք գյուղատնտեսության զարգացում, արդիական տեխնոլոգիաների ներդրում, ներմուծման փոխարինում, արտահանման ծավալների ավելացում և տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում:

Գյուղատնտեսության ոլորտում շատ խնդիրներ մենք ունենք և այսօր հնչեցված հարցերը կապված բնակլիմայական աղետների հետ մտահոգում է նաև ՀՀ կառավարությանը և այսօր կներկայացնենք նշված խնդիրների լուծումներ: Չնայած այդ խնդիրներին՝ մենք ունենք նաև շատ դրական ազդակներ. ունենք խոշոր ընկերություններ, որոնք կատարում են զգալի ֆինանսական ներդրումներ, նոր տեխնոլոգիաներ են կիրառում և հաջողություններ են գրանցում թե՛ արտադրության, թե՛ արտահանման մեջ : Գյուղատնտեսության նախարարությունն աշխատանքներ է իրականացնելու նոր ծրագրով պայմաններ ստեղծել, որպեսզի մեր երկրում փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները ևս զարգանան և եկամուտներ ապահովեն:

Գյուղատնտեսության ոլորտում կենտրոնանալու ենք ոլորտի ներդրումների ապահովագրության, արդյունավետության բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիարառման և ժամանակակից ֆերմերային տնտեսությունների զարգացման վրա:

Նշված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ է առաջնահերթ ներդնել հետևյալ ծրագրերը ՝

Գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ դեզագրեգացված գյուղատնտեսական տվյալների բազայի ստեղծման համար իրականացնելու ենք Աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը: Արդյունքում կունենանք հողերի ֆիզիկական և իրավական կադաստր, ինչը թույլ կտա վերլուծելու հողերի կարգավիճակը, մշակովի է այն թե անմշակ, ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, տվյալ տարածքում աճեցվող մշակաբույսերի տեսակներ, տեղի ունեցող աշխարհագրական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն, կլիմայի ազդեցության վերաբերյալ տվյալները, գյուղատնտեսական նշանակության մոնիտորինգային տվյալները, օրինակ՝ վնասի գնահատում և այլն:

Ելնելով տվյալ տարածաշրջանի առանձնահատկություններից՝ վեր ենք հանելու մանրամասն համեմատական վերլուծություններով, խորհրդատվություն ենք տրամադրելու մշակաբույսերի տեսականու, ոռոգման ինտենսիվության, պարարտանյութերի տեսակի վերաբերյալ:

Առանցքային է գյուղատնտեսության մեխանիզացիայի խնդիրը: Այն լինելու է մեր կարևորագույն թիրախներից, և էական դերակատարում է ունենալու հատկապես փոքր ու միջին տնտեսությունների արդյունավետության բարձրացման համար:

Արդեն իսկ ընթացիկ տարում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Այդ ծրագրով տնտեսավարողների համար իրականացվում է լիզինգով մատչելի տոկոսադրույքով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարում: Ծրագրով գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է շուրջ 21 միավոր տրակտոր և 12 միավոր այլ գյուղտեխնիկա:

Բացի այդ, ստեղծվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի կայան (ԳՏԿ), որի շնորհիվ կարող են ժամանակակակից գյուղատնտխնիկայի ծառայություններից օգտվել նաև այն փոքր տնտեսավարողները, որոնք չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ լիզինգի ծրագրով գյուղտեխնիկա ձեռքբերելու համար:

Արտադրողականության բարձրացման ուղղությամբ նախատեսում ենք իրականացնել նաև հետևյալ ծրագրերը.

Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնմամբ մենք այսօր կխթանենք պտղաբուծության զարգացումը և կավելացնենք արտահանումը: Հայաստանում զարգացում է ապրում ջերմոցաշինությունը. հիմնվում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ, որոնք իրենց արտադրանքի զգալի մասն արտահանում են:

Նախատեսվում է նաև աջակցել փոքր հողատեսքերում բարձրարժեք մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տնտեսվարողներին, որը մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում: Ուստի, այդ մշակաբույսերի աճեցումը փոքր տնտեսությունների համար շահավետ և եկամտաբեր ուղղություն կարող է լինել:

Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով էլ նախատեսվում է խթանել բազմամյա տնկարկներում` պտղատու և խաղողի այգիներում, բարձրարժեք մշակաբույսերի դաշտերում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման գործընթացը: Արդյունքում կունենանք բերքի որակի բարելավում, հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում:

Բուսաբուծության ոլորտում նախատեսվում է ամրապնդել նաև սերմնաբուծության, սերմնարտադրության և սերմապոհվման սելեկցիոն կայանների կարողությունները, ընդլայնել դրանց ցանցը, ինչպես նաև շարունակել սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագիրը:

Նախատեսվում է շարունակել գյուղոլորտին նպատակային վարկերի տրամադրման պետական աջակցության ծրագիրը՝ առավել բարելավելով պայմանները, մասնավորապես, տրամադրվող մինչև 3 մլն դրամի շեմը բարձրացնել՝ նվազագույն շեմը սահմանելով՝ 3, իսկ առավելագույնը 10 մլն դրամ և առավել մատչելի դարձնել տոկոսադրույքը: Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի զարգացնել փոքր և միջին տնտեսությունները, որպեսզի նրանք արդյունավետ գյուղատնտեսություն վարեն՝ հիմքում ունենալով հստակ բիզնես ծրագիր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն աշխատանքներ է իրականացնում նաև մեր արտահանման այցեքարտը հանդիսացող կոնյակագործության և գինեգործության վարկանիշի բարձրացման և մրցունակության ապահովման համար: Այսօր գործում է խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամը, որը հնարավորություն կընձեռի ստեղծել մի հարթակ, որտեղ խաղող արտադրողները և մթերողները միմիանց հետ կհամագործակցեն, որի արդյունքում կբարելավվի գինու և կոնյակի արտադրանքի որակը, կբարձրանա հայկական գինու ճանաչելիությունը և կավելանա արտահանումը:

Ներկայում գյուղացիական տնտեսությունների համար արդիական է մնում արտադրած գյուղմթերքի իրացումը և վերամշակողների կողմից ֆինանսական պարտավորությունների ժամանակին կատարումը: Նախարարությունը մշակել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին մատչելի պայմաններով վարկերի տրամարման ծրագիր: Վերամշակողներին կտրամադրվեն մատչելի տոկոսադրույքով վարկեր, որոնք պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարմանը: Այսպիսով, գյուղացիական տնտեսությունների համար հնարավորություն կստեղծվի կարճ ժամկետում ստանալ իրացված հումքի արժեքը:

Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է արդիական մնալ անհրաժեշտ մասնագետներով համալրման հարցը: Այդ նպատակով մենք կվերակառուցենք Խորհրդատվական բլոկը: ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և Եվրոպական Միության աջակցությամբ նախատեսում ենք Լոռու մարզում ստեղծել ագրարային կրթական կլաստեր, որն իր մեջ կներառի միջնակարգ, բարձրագույն և գիտական մաս, ինչպես նաև կպարունակի գործնական դասընթացներ, այսպիսով կբարձրացնենք ֆերմերային կրթության մակարդակը մեր երկրում: Գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագրով նախատեսում ենք նաև գյուղացիական տնտեսությունների շրջանում իրականացնել լայնամաշտաբ իրազեկման աշխատանքներ՝ պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ և հետևողական լինել ծրագրերի իրագործման ընթացքին:

Գյուղատնտեսության կարևոր ուղղություններից է նաև անասնաբուծության ճյուղի զարգացումը, որը թույլ կտա մեր ազգաբնակչությանն ապահովել որակյալ կաթնամթերքով և մսամթերքով: Տոհմաբուծարանների ստեղծման և զարգացման ծրագրով նախատեսվում է հանրապետությունում տավարի նախիրները համալրել բարձրարժեք տոհմային կենդանիներով: Ոլորտի կարևոր նախապայման է նաև անասնաբուժության զարգացումը՝ որպես հանրապետությունում հակաանասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման երաշխիք: Նախարարությունը նախատեսվում է մշակել գործուն մեխանիզմներ պատվաստումների որակի բարձրացման և մատուցվող ծառայությունների բարելավման հարցերում:

Անտառային ոլորտում նախատեսվում է իրականացնել անտառպահպանման ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիր:

Մեր ուշադրության կենտրունում է լինելու նաև սննդամնթերքի անվտանգության ապահովումը, ուստի նախատեսել ենք ներդնել գյուղատնտեսական կենդանիների նույնականացման, հաշվառման և համարակալման թվայնացված համակարգ, բարձրացնել սննդամթերքի անվտանգության լաբորատոր հսկողության մակարդակը, պարզեցնել վարչարարությունը ներմուծվող սննդամթերքի որակի նկատմամբ, խստացնել սննդի որակի վերահսկողութունը, փուլային անցում կատարել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառմանը:

Թվարկված ծրագրերի արդյունավետությունը և գյուղատնտեսության զարգացման համար հիմնական խնդիրը ռիսկն է, որն ունեն գյուղացիական տնտեսությունները՝ ոլորտում ներդրումներ կատարելու համար: Դրա համար իրականացնելու ենք նաև արտադրողի պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով նախատեսում ենք վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառում, որով գրեթե կբացառվեն կարկտահարության վնասները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսավարողների եկամուտները: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է ստեղծել հակակարկտային պաշտպանության համակարգի առավել արդյունավետ և փոխլրացնող համակարգ՝ ներառելով նաև հրթիռային պաշտպանության ժամանակակակից միջոցներ:

Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ապահովագրական համակարգի ներդրմամբ ճիշտ և թիրախային ներդրումների հոսք ապահովել: Այն կունենա կրկնակի էֆեկտ՝ կբարձրացնենք գյուղատնտեսության ոլորտի արդյունավետությունը և կապահովենք նոր ներդրումներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է 2018 թվականից սկսել ապահովագրական համակարգի փորձնական ծրագրի կիրառումը:

Թվարկված ծրագրերից զատ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հնարավորություններ ստեղծվի փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների համար, որպեսզի նրանք միավորվեն և մեկ ապրանքանիշի անվան ներքո արտահանեն իրենց արտադրանքը:

Ամփոփելով վերոնշյալ ծրագրերը՝ պետք է նշենք, որ դրանք միտված են ոլորտում իրականացվող համակարգային զարգացումներին, որոնք մեզ հնարավորություն կտան 2-3 տարի անց ունենալ անհրաժեշտ և բավարար հիմք, որպեսզի մեր երկրում զարկ տանք արդյունաբերական, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ մասնագետներով համալրված գյուղատնտեսությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում