Արցախի ՊԲ մամուլի քարտուղարն անդրադարձել է «ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքին»

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է Ադրբեջանի ապատեղեկատվության առ այն, որ իբր կանխվել է հայկական ուժերի կողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարվել մեկ զինծառայող։

Սենոր Հասրաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Նեոլիթյան պարզունակությամբ տառապող ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքն առ այն, թե իբր կանխվել է հայկական ուժերի կողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարվել մեկ զինծառայող, ժամեր առաջ, որպես ասվածի «ապացույց», իր շարունակությունը ստացավ համացանցում տեղադրված անճաշակ մի բեմադրությամբ: Որ իրականում մեր հարևան կոչվածներն, իրենց գաղափարաքարոզչական պահվածքով անընդհատ հիշեցնում են նեոլիթյան դարաշրջանի բարքն ու վարքը, դա ակնհայտ է: Սակայն զարմանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ տարիների հետ սրանց «ունեցած» մտածելու կարողությունը, ինչպես բանական մարդու պարագայում է լինում, ոչ թե զարգանում, այլև հակառակ օրինաչափության՝ հետընթաց է ապրում: Ցավալի է, որ այս ամենի արդյունքում ավելի շատ կորցնում է ոչ թե պարզամիտ մտածողությամբ հիմարը, այլև նա, ով ստիպված է ապրել այդ հիմարի հարևանությամբ…»։

Ադրբեջանի ապատեղեկատվությանն ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութը, որում իբր պատկերված է ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ դիվերսանտը:

«Այս անձը քաղաքացիական անձ է, մեր բանակում նման զինծառայող չկա. տեսքն անգամ պարզ դա է ասում: Մենք ծանոթ ենք հասարակ մարդկանց դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական մեթոդներին»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութում ի պատասխան հայերեն տրված հարցերի՝ Զավեն Հովհաննեսի Կարապետյան ներկայացած անձը նշում է, որ ծնվել և բնակվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղում: Նա ասում է, որ ծնվել է 1974թ. նոյեմբերի 16-ին:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով անձի գրանցման հասցե է նշվում Լոռու մարզի Վանաձոր քաղաքը, այլ ոչ թե Նոյեմբերյանի (Տավուշի մարզ) Դովեղ գյուղը, ինչպես ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում:

Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ չի ճանաչում Զավեն Հովհաննեսի Կարապետյանին, նրանց համայնքում նման անձ չի բնակվում, նա որևէ տեղեկություն չունի:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած սուտը սոցիալական ցանցերում հերքել են հենց ադրբեջանցի օգտատերերը: Հակառակ պաշտոնական հաղորդագրության, որում ասվում էր, թե իբր կանխվել է հայկական կողմի դիվերսիա և մեկ դիվերսանտ գերեվարվել է, ադրբեջանցի օգտատերերից Խասիմ Մասիմովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հայ-ադրբեջանական սահմանը հատել է 50-ամյա ՀՀ քաղաքացի: Նա նշել է, թե քաղաքացիական անձը սահմանը հատել է ադրբեջանական Քերիմլի գյուղի շրջանում: Նրան հայտնաբերել են տեղի բնակիչները, ովքեր այնուհետև կատարվածի մասին տեղյակ են պահել զինվորականներին, ովքեր էլ եկել և տարել են սահմանը հատած անձին ու նրան ներկայացրել են որպես դիվերսանտ:

Ուշագրավ է, որ ադրբեջանցի մյուս օգտատերերը, արձագանքելով Մասիմովի գրառմանը, ծաղրել են՝ ասելով, որ սահմանախախտին կտանեն Բաքու, ապա կսկսեն հովվին ներկայացնել իբրև հայտնի հայ քաղաքագետ կամ լրագրող՝ ակնարկելով իրենց իշխանությունների հերթական կեղծիքի արդյունքում ստեղծված այսպես կոչված խաղաղության պլատֆորմը: Մյուսներն արձանագրել են, որ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում գյուղերի միջև հեռավորությունը 5-6 կմ է և հեշտ է մոլորվելը: Օգտատերերից մեկն էլ կոչ է արել տեղեկությունը հրապարակող անձին հետևել Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին ու դրան հակառակ տեղեկատվություն չհրապարակել:

Գրառումը կատարելուց կարճ ժամանակ անց Խասիմ Մասիմովը, տեղի տալով ճնշումներին, հեռացրել էր այն սոցիալական ցանցի իր էջից:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Զավեն Հովհաննեսի Կարապետյանը բավականին խնդրահարույց մարդ է, տարօրինակություններ է ունեցել: «Անորոշ կյանք է վարել, տարեցների տանը գրանցվել է ընդհամենը այն բանի համար, որ անձնագիր ստանա, քանի որ բնակության վայր չի ունեցել: Վանաձորում տարբեր տեղեր որոշակի ժամանակահատվածում բնակվել է, աղբ է հավաքել, անտուն է եղել: Ինքը վանաձորցի չէ, չգիտեմ, թե որ մանկատան սան է եղել, անորոշ զբաղմունքի տեր է եղել: Երկար տարիներ է իրենից որևէ տվյալ չկա»,- նշեց Ասլանյանը:

Նրա խոսքով՝ այս տեղեկությունները տարեցների տան աշխատակիցներն են հիշել: «Ինքը նույնիսկ ծերանոցում չի էլ մնացել, դատված է եղել: Երկար ժամանակ է աշխատակիցներից ոչ ոք իրեն չի էլ տեսել: Երբ որոշ ժամանակ էլ շփվել է աշխատակիցների հետ, զգացվել է, որ հոգեկան խնդիրներ է ունեցել»,- ասաց Վանաձորի քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում