Կորյուն Նահապետյանը կառավարության ծրագիրը նախորդներից էապես տարբերվող է համարում

Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված կառավարության ծրագիրը էապես տարբերվում է նախորդ ծրագրերից։ Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը։ Այս ծրագիրը նախորդներից տարբերվում է թե՛ բովանդակությամբ, թե՛ հստակությամբ, թե՛ կառուցվածքով։ «Կառավարության այս ծրագրում մենք տեսնում ենք նաև քաղաքական բավարար կամք այն կյանքի կոչելու համար, ինչը ևս շատ կարևոր է»,- նշեց Նահապետյանը։

Անդրադառնալով կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին, թե ո՞վ է 2018 թ. զբաղեցնելու վարչապետի պաշտոնը՝ Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ նման հարցադրումներն ընդամենը լայն ժպիտ են առաջացնում, քանի որ ժամանակավրեպ են և դուրս են քաղաքական տրամաբանությունից: «Կառավարության այս ծրագիրը իր հիմքում ունի Ազգային ժողովում ձևավորված այն արդյունքը, որ մենք այսօր տեսնում ենք։ Մենք իրականացնելու ենք 5-ամյա ծրագիր, իսկ թե ովքեր են իրականացնելու այն, այդ հարցի պատասխանը մենք ունենք ու կունենանք նաև հետագայում, երբ հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից հետո կառավարությունը հրաժարական կտա, և կձևավորվի նոր կառավարություն։ Մենք անցումային շրջանում ենք գտնվում և այս շրջանը պետք է անցնենք առանց ցնցումների, քանի որ իրավունք չունենք կասկածի տակ դնել մեր անվտանգությունը»,- ընդգծեց պատգամավորը։

Նա հավելեց, որ Սահմանադրության համաձայն՝ 2018թ. կառավարությունը հրաժարական է տալու, սակայն դա չի նշանակում, թե այս ծրագիրը շարունակություն չի ունենալու։ Նա ընդգծեց, որ ծրագիրը 5-ամյա է, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում խոսել է ավելի երկար ժամկետների մասին: «Այս իմաստով էական չէ, թե 2040 թ. ով է լինելու վարչապետը։ Էականն այն է, որ մենք ունենք ծրագիր, որը պատրաստվում ենք կյանքի կոչել:

Պատգամավորների գնահատմամբ՝ այդ հարցադրումները քաղաքական խայծ են, որ բերվում են օրակարգ՝ քաղաքականության մեջ ինտրիգներ առաջացնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում