Կառավարությունը իր տեսլականը պատկերում է «Զարգանալ՝ չզիջելով» արժանապատիվ սկզբունքով. Արմեն Ռուստամյան

Հայաստանի կառավարության ծրագրի հիմքում ընկած է ոչ թե այն, թե տվյալ պահին ով է վարչապետը, կամ ովքեր են կառավարության կոնկրետ անդամները, այլ այն, ինչը հստակ արձանագրված է ծրագրի սկզբում՝ ՀՀԿ, ՀՅԴ նախընտրական ծրագրերը, կոալիցիոն հռչակագիրը և հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարները: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ավելին, այս ծրագիրը օրգանական կապի մեջ է 2016 թվականի հոկտեմբերին ներկայացված նախորդ կառավարության ծրագրի հետ: Հետևաբար, հարց չի կարող առաջանալ, թե ինչու է ծրագիրը վերաբերում 2017-2022 թվականներին: Մեզ համար այս ծրագրի գլխավոր առանձնահատկությունը, ինչով ծրագիրը շահեկանորեն տարբերվում է մյուսներից, այն է, որ կառավարությունն իր տեսլականը պատկերում է՝ ըստ էության որդեգրելով Դաշնակցության կողմից բազմիցս հիշատակված «Զարգանալ՝ չզիջելով» դժվարին, սակայն արժանապատիվ սկզբունքը»,– ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ կառավարության այս ծրագիրը, ըստ էության, կառուցված է այն գաղափարախոսության վրա, ըստ որի, չնայած Հայաստանը դիմակայում է անվտանգության լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների, երկիրը պարտավոր է և կարող է զարգանալ առանց զիջելու ազգային ռազմավարական շահերը: «Կառավարությունը փաստացի ստանձնում է հենց այսպիսի հանձնառություն և հայտ է ներկայացնում ապացուցել առանց մեր սերունդների ձեռք բերածը կորցնելու երկրի առաջանցիկ զարգացումը ապահովող հայեցակարգի կենսունակությունը:Մենք ազգովի առաքելություն ունենք ապացուցելու, որ աշխարհաքաղաքական այս բարդագույն իրավիճակում իսկապես պարտավոր ենք եւ կարող ենք մեր հույսը մեզ վրա դնել: Այս վստահությունն ու լավատեսությունն են ուզում հասարակությանը ներշնչել կառավարության ծրագրի հեղինակները: Սա է գլխավոր ուղերձը»,- նշեց պատգամավորը:

Արմեն Ռուստամյանն արձանագրում է, որ կառավարությունը, քաջ գիտակցելով երկրի՝ դեպի ծով ելք չունենալու, շրջափակման մեջ լինելու ծանրագույն պայմանները, հանձնառություն է ստանձնում երաշխավորել Հայաստանի և Արցախի միասնական անվտանգությունը, անհրաժեշտ թափ հաղորդել երկրի զարգացմանը՝ ձևավորելով դրա համար բավարար արտաքին և ներքին ռեսուրս: «Ողջունելի է, որ վարչապետը ծրագիրը ներկայացրեց՝ համադրելով կատարվածն ու անելիքը, ինչը պատասխանատու և հաշվետու լինելու և ապագա ծրագրերի նկատմամբ վստահություն ունենալու դրսևորում է: Մեր արտաքին ռեսուրսը հմուտ դիվանագիտություն իրականացնելու, սփյուռքի մեր ներուժը զորաշարժի բերելու միջոցով մեր արտաքին բազմակողմանի քաղաքական և տնտեսական կապերը ամրապնդելու և դաշնակից ու բարեկամ երկրների շրջանակը հետևողականորեն ընդլայնելու մեջ է: Ներքին ռեսուրսը բազմապատկելու գրավականը հայ մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումն է, ներազգային համերաշխության ու արդարության ապահովումը»,- շեշտեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում