Հայաստանից ԵՄ մինչև 6000 եվրոյի ապրանք արտահանելու դեպքում սերտիֆիկատի կարիք չի լինի

Եվրոպական միությունը ներդրել է մի համակարգ, ըստ որի Հայաստանից դեպի ԵՄ տարածք մինչև 6000 եվրոյի ապրանք արտահանելու դեպքում ծագման սերտիֆիկատ ունենալու կարիք չի լինի: Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նրա խոսքով` Հայաստանն այդ ծրագրի շահառուն է լինելու 2018 թվականից:

«Սրանից օգտվելու համար կազմակերպությունները նախապես պետք է գրանցված լինեն հատուկ համակարգում: Սա կարևոր է, քանի որ համեմատաբար փոքր ծավալով արտահանողների համար ստեղծվում է արտոնյալ հնարավորություն` մեկ փաստաթուղթ ունենալու պահանջը պակասում է, որն, ըստ էության, նշանակություն ունի ժամանակի և գումար խնայելու տեսանկյունից»,- ասաց նա:

Փոխնախարարի տեղեկացմամբ` գոյություն ունի նաև ԵՄ-ի կողմից ստեղծված և գործող էլեկտրոնային բազա, որի շնորհիվ բոլոր այն ընկերությունները, որոնք հետաքրքված են ԵՄ արտահանելու հարցով` համակարգի միջոցով կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ, թե կոնկրետ ապրանքը ԵՄ ներմուծելու պարագայում ինչպիսի մաքսատուրքի դրույքաչափ է գործում, «GSP+»-ն այն զրոյացնում է, թե ոչ, բացի տարիֆային սահմանափակումներից ի՞նչ այլ տեսակի ոչ տարիֆային սահմանափակումներ են գործում` սերտիֆիկատներ, փաստաթղթեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում