Ինջիրլիքից Գերմանիայի զինվորների դուրսբերումը կանդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. թուրքագետ

Թուրքական Ինջիրլիք ռազմաբազայից Գերմանիայի զինվորների ու սպառազինության դուրսբերումն իր բացասական ազդեցությունը կթողնի նաև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը, վերջին շրջանի գերմանա-թուրքական հարաբերությունների ճգնաժամում կողմերը այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: Թուրքիան հաստատակամ մնաց իր դիրքորոշման մեջ, ինչը ստիպեց Գերմանիային դուրս գալ Ինջիրլիքի ռազմաբազայից:

«Թուրքիան միշտ փորձում էր Ինջիրլիքը որպես խաղաքարտ օգտագործել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ հարաբերություններում: Մանևրելու տեսանկյունից Ինջիրլիքը կարևոր խաղաքարտ էր Թուրքիայի համար: Ինջիրլիքի գործոնը կարևոր էր նաև Գերմանիայի համար, բայց, ամեն դեպքում, նա որոշեց դուրս բերել իր զինվորներին: Գերմանիան այլընտրանք ունի, և առաջիկայում փոխարինող երկիրը կլինի Հորդանանը: Սրանով Թուրքիային ցույց տվեցին, որ այդ խաղաքարտն այլևս չի աշխատի: Թուրքիան, կարող ենք ասել, վա-բանկ գնաց՝ փորձելով ցույց տալ իր վճռականությունն ու կշիռը, ինչը, սակայն, իր քաղաքական հետևանքները դեռ կունենա: Գերմանիան և ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ նման վարքագիծը քաղաքական առումով անպատասխան չեն թողնի»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Թեպետ Ինջիրլիքի ռազմաբազան թուրքական սուվերենության ռազմաբազա է և չի գտնվում ՆԱՏՕ-ի իրավասության ներքո, այդուհանդերձ, Լևոն Հովսեփյանը կարծում է, որ քաղաքական առումով այս գործընթացը տեղավորվում է ՆԱՏՕ- Թուրքիա համագործակցության շրջանակում: Գերմանիան ՆԱՏՕ-ի առանցքային դերակատարներից է, և նրա այս քայլը, ըստ թուրքագետի, կարող է նախադեպ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների համար:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-Թուրքիա, Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում խնդիրները բավական շատ են, բավական լուրջ են: Գերմանիայի այս քայլը քաղաքական առումով իր ազդեցությունն ունենալու է ոչ միայն երկկողմ հարաբերությունների ձևաչափում, այլ նաև ՆԱՏՕ-ի համատեքստում»,-հավելեց թուրքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում