Վիրավոր զինվորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն հաջողվել է այն կայունացնել. Կամավոր Խաչատրյան

Արցախից Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ տեղափոխված զինծառայող Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

«Վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն հաջողվել է այն կայունացնել», – ասաց Կ. Խաչատրյանը` նշելով, որ պահպանվում է կյանքին սպառնացող վտանգը:
Ինչ վերաբերում է ավելի վաղ Երևան տեղափոխված զինծառայող Արմեն Վարդանյանին և Մյասնիկ Հովհաննիսյանին` նրանց վիճակը գնահատվում է կայուն:

«Արմեն Վարդանյանը վիճակը նորմալացել է, սակայն զինծառայողի գլխում կա բեկոր: Այն հանելու մասին դեռևս խոսել չենք կարող, քանի որ նախ պետք է կարգավորենք վիճակը, որից հետո կլինի կոնսիլիում ու կորոշենք` ի՞նչ անել, վիրահատել և հանել, թե կապսուլավորել ու թողնել: Ինչ վերաբերում է «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող Մյասնիկ Հովհաննիսյանին, ապա, ինչպես գիտեք, նա վիրահատվել է, և բժիշիկները նշում են, որ նրա տեսողությունը հնարավոր կլինի վերականգնել», – ասաց Կամավոր Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում