ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում ԼՂ հակամարտության գոտում. ԵՄ խոսնակ

Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է: Այս մասին նշվում է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հունիսի 22-ի հայտարարության մեջ, որն «Արմենպրես»-ին է տրամադրել Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժինը։ Հայտարարության մեջ նաև նշված է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:

Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:

Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում