Ադրբեջանի «Խաղաղության պլատֆորմի» կեղծիքը բացահայտվել է

«Շանթ» հեռուստաընկերությունը Ադրբեջանի նախաձեռնած «Խաղաղության պլատֆորմի» կեղծ քայլերը բացահայտող տեսանյութ է ցուցադրել: Խաբեությամբ այս նախաձեռնության մեջ ներքաշված հայերը պատմել են , թե ինչպես են միամտաբար հայտնվել թշնամու քարոզչամեքենայի ծուղակում:

Տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է Ադրբեջանը, քարոզչական պատերազմում դիվիդենտներ քաղելու և միջազգային հանրության աչքում խաղաղասեր երևալու համար, 2016-ի աշնանը գործի դրել արհեստածին նախաձեռնություն՝ «Խաղաղության պլատֆորմ» անվանմամբ: Նախաձեռնության հիմնական նպատակը մարդկանց մոլորեցնելն ու կեղծ խոստումներով հայտարարություններ կորզելն է, ապա դրանք աղավաղելն ու ադրբեջանական քարոզչության ոգուն համապատասխանեցնելը՝ հայ հանրության մեջ պառակտում մտցնելու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հանրությունների միջև երկխոսության պատրանք ստեղծելու համար:

«Խաղաղության պլատֆորմի» խաբեության զոհը դառած մի քանի հայեր պատմել են, թե ինչպես են այդ նախաձեռնության անդամները սոցցանցի միջոցով իրենց գայթակղիչ առաջարկներ արել՝ անդամագրվել կառույցին, միջազգային կազմակերպություններում ելույթների հնարավորություն ստանալ, կերտել հաջող կարիերա : Ֆրանսերենի ուսուցչուհի Նարինե Դերմենջյանին, օրինակ, խոստացել են աշխատանք՝ Գերմանիայում: Իսկ որոշ ժամանակ անց նա տեսել է, որ իր անունից աղավաղված հայտարարություն է ներկայացվել:

«Սյուզան Ջաղինյանի Facebook- ի էջում պատահաբար տեսա իմ անուն, ազգանունը՝ իբրև ես համաձայն եմ, որ Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը» ,- ասել է Դերմենջյանը:

Մեկ այլ քաղաքացի՝ Դավիթ Ալեքսանյանը, պատմել է, որ Բաքվից փորձել են իրեն ևս ներառել այդ նախաձեռնության մեջ, սակայն նա հասցրել է ժամանակին կողմնորոշվել:

«Անդամակցել էի Բաքվի՝ այսպես կոչված «Խաղաղության պլատֆորմին»: Դա անելու նպատակը եղել է մեկ անգամ ևս ի ցույց դնելը ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծ էությունը և առհասարակ՝ նրանց, իբրև թե, խաղաղության մղումների ողջ ֆիկցիան»,- ասել է նա:

Մոլորության մեջ են գցել նաև կանադահայ մտավորական Ժանետ Հակոբյանին: Վերջինիս հետ, իբրև թե, հարցազրույց են անցկացրել, իսկ աղավաղված պատասխանները հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցներում : Ժանետ Հակոբյանն ասել է. «Ամոթանք եմ տվել, երբ իմացել եմ, որ չարաշահել են իմ խոսքը, պատասխանները և դրանք ներկայացրել որպես պլատֆորմի պատասխաններ: Ամոթ, կրկնակի ամոթ: Ես իմ հայրենիքի մի թիզ հողը ոչնչի հետ չեմ փոխի»:

Հեռուստաընկերությանը հարցազրույց տված քաղաքացիները նշել են, որ ծանր ապրումներ են ունեցել՝ տեսնելով իրենց անունները՝ հակահայկական կառույցի անդամների մեջ: Նրանք կարողացել են ժամանակին կանխել գործողությունները՝ պատմելով կեղծիքի մասին, սակայն այսպես կոչված «Խաղաղության պլատֆորմում» նշված են 6 այլ հայեր ևս, որոնք նույնպես խաբեության զոհ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում