Նախարարը Տաջիկստանի հետ տնտեսական համագործակցության լուրջ հեռանկարներ է տեսնում

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Տաջիկստանի հետ տնտեսական համագործակցության լուրջ հնարավորություններ է տեսնում: Կառավարության նիստից հետո անդրադառնալով Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցին նա նշեց, որ ունեն համագործակցության ակնկալիք, որը կնպաստի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը:

«Կոնկրետ ոլորտների մասով ունենք պայմանավորվածություններ: Մոտ ժամանակներս՝ օգոստոսի վերջին-սեպտեմբերին, նորից այց կլինի տաջիկական կողմից, նաև մենք այց կկատարենք: Միևնույն ժամանակ, կազմակերպեցինք բիզնես ֆորում, որի արդյունքում ստորագրվել են 8-9 պայմանագիր»,- ասաց նախարարը:

Ըստ Կարայանի, պայմանավորվածությունները վերաբերում են հիմնականում գյուղմթերքի վերամշակման ոլորտին: Համագործակցության լուրջ հեռանկարներ կան նաև ոսկեգործության և ադամանդագործության բնագավառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում