Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել մրցունակ ազգային տնտեսություն. Խոսրով Հարությունյան

Հայաստանը կանգնած է մրցունակ ազգային տնտեսություն ձեւավորելու անհրաժեշտության առջև: Այսօր լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով Կառավարության ծրագիրը նախատեսված առաջիկա հինգ տարվա համար, որոնց ընթացքում ըստ պատգամավորի՝ հենց այդ մրցունակ տնտեսության զարգացման համար պետք է ստեղծվեն հիմքեր:

«Նախեւառաջ հուսով եմ՝ նրանք, ովքեր մեկնաբանում են Կառավարության ծրագիրը, գոնե կարդացել են, քանի որ նմանատիպ դեպքեր եղել են, երբ առանց պատշաճ կարդալու են մեկնաբանում: Պետք է հասկանալ, որ այս ծրագրի շահառուն ՀՀ քաղաքացին է. հարցրեք ցանկացած քաղաքացու, թե ինչ է ուզում, պարզ պատասխան կլինի: Մարդիկ ուզում են նախեւառաջ անվտանգ ապրել եւ իրենց կարողությունները, գիտելիքներն օգտագործել իրենց կյանքը կազմակերպելու համար: Անվտանգությունը մեր առաջին խնդիրն է, չունենք կայուն երաշխիքներ, ապա կարող ենք ասել, որ ծրագիրը ստացված չէ, քանի որ մեծ մասը հենց անվտանգության խնդրին է առնչվում»,-նշեց նա:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ ծրագրում առաջ քաշված խնդիրները փոխկապակցված են, քանի որ անվտանգություն ապահովելու համար էլ անհրաժեշտ է ունենալ դինամիկ զարգացող տնտեսություն:

«Հետեւաբար, այստեղ առաջ է գալիս մրցունակ ազգային տնտեսություն ձեւավորելու հարցը: Երկիրը, որը չունի ելք դեպի բաց ծով, փակված են սահմանները, մեր տնտեսական զարգացման հիմքում պետք է տեսնենք այնպիսի արտադրական կարողություններ, որոնք արտաքին շուկայում մրցունակ արտադրանք են տալու, այսինքն՝ մրցունակ արտահանման համար պետք է ժամանակակից գիտությանը, տեխնիկայի պահանջներին համապատասխանող արտադրանք ունենալ: Սա, բնականաբար, պահանջում է լուրջ ներդրումներ»,-շեշտեց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ այս կապակցությամբ երկու խումբ խնդիրներ է անհրաժեշտ լուծել:

«Առաջինը պետք է լուծենք այն խնդիրները, որոնք ըստ էության ուղեկցում են մեզ այս տարիների ընթացքում՝ սկսած առանձին ապրանքային շուկաներում գոյություն ունեցող մենաշնորհ դիրքերից մինչեւ կոռուպցիա: Ներդրողները պետք է վստահ լինեն, որ այս տնտեսական միջավայրում ներդրում անելը անիմաստ չէ: Երկրորդ հարցն այն է, թե ինչպես ներկայանալ ներդրողների, ինչպես նրանց գրավել, որպեսզի հաշվի առնելով ռիսկերը ՝ այնուամենայնիվ որոշեն, որ գումարները այստեղ են ներդնելու: Հայաստանը ճանաչելու համար ոչ միայն վերլուծություններ են անհրաժեշտ, միայն դրանք բավարար չեն: Պետք է ներդրողների մոտ առաջանա Հայաստանում տիրող ռեալ իրավիճակի վերաբերյալ վստահություն»,-ասաց Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ներդրողի համար պետք է հասկանալի լինի, որ ՀՀ տնտեսական համակարգը ժամանակակից է եւ ունակ ադեկվատ արձագանք տալու ցանկացած հարցադրման:

«Ես կարծում եմ՝ այս ծրագիրը իսկապես հավակնոտ է: Այն առաջիկա հինգ տարիների համար նախանշել է ՀՆԱ-ի 5 տոկոս աճ: Արդյոք, սա բավարար է վերոնշյալ նպատակներին հասնելու համար, կարծում եմ, որ նույնիսկ 15 տոկոսը բավարար չէր լինի, սակայն հինգ տարիների ընթացքում այդ հիմնական աճի աղբյուրը պետք է դառնա ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործումը. այդ ճանապարհով փորձելով ապահովել 5 տոկոսանոց աճ, դրան զուգահեռ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելով՝ պետք է նախադրյալներ ստեղծել հետագա ավելի մեծ աճի համար»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում