Հայաստանն Իտալիայի և Ուզբեկստանի հետ դյուրացնում է տրանսպորտային փոխադրումների ոլորտում համագործակցությունը

Կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջև «Ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» 1999 թվականի օգոստոսի 7-ի համաձայնագրում լրացում կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը: Երկու պետությունների տարածքներով կամ այդ տարածքներով տարանցմամբ իրականացվող բեռների ավտոտրանսպորտային փոխադրումները հեշտացնելու և կարգավորելու նպատակով` անհրաժեշտություն է առաջացել համաձայնագրի 11-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով. «4. Համակցված շարժակազմով բեռների փոխադրում կատարելիս պայմանավորվող կողմի տարածքում թույլատրվում է կցորդի կամ կիսակցորդի փոփոխություն, որը հաշվառված է պայմանավորվող կողմերի տարածքներից մեկում»:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ իրականացվող փոփոխության նպատակը փոխադրումների ժամանակը և ծախսերը կրճատելն է, որի արդյունքում կբարձրանա փոխադրումների արդյունավետությունը: «Փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պայմանավորվող կողմի տարածքում, առանց սպասելու բեռնաթափմանը, կանջատեն կցորդը կամ կիսակցորդը և կցելով այլ կցորդ կամ կիսակցորդ կշարունակեն փոխադրումը»,- ասաց Մարտիրոսյանը:

Հավանություն տրվեց նաև Հայաստանի և Ուզբեկստանի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում