Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում:

Զորակոչիկի հայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ իր որդու մոտ ախտորոշվել է հիվանդություն, և նա առողջական վիճակի պատճառով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ ստացել է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: 2016 թվականին մեկ այլ բժշկական հաստատությունում ախտորոշվելուց հետո, դիմումատուի պնդմամբ, պարզ է դարձել, որ որդու հիվանդությունը դրական փոփոխության չի ենթարկվել: Ավելին՝ նրա մոտ առկա համապատասխան գոյացությունն ավելի է մեծացել: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից զորակոչիկը պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում 2017 թվականի ընթացքում զորակոչիկը երկու անգամ ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը: Դրանից բացի, բժշկական հետազոտության է ենթարկվել քաղաքացիական բժշկական հաստատությունում և Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում:

Նշված հետազոտությունների արդյունքում զորակոչիկը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի հիմքով ստացել է տարկետման իրավունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում