Հայաստանի և ՄԹ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Երևանի Ազատության հրապարակում

Հունիսի 22-ին Ազատության հրապարակում ելույթով հանդես եկան ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի զինվորական նվագախումբը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբն ու բրիտանական բանակի շեփորահարները:

Հայկական և բրիտանական նվագախմբերի համերգով սկիզբ դրվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին։

Համատեղ համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով, անդրադարձ կատարելով ՀՀ և ՄԹ միջև հաստատված սերտ համագործակցությանը, նշեց, որ նմանօրինակ միջոցառումները կոչված են նպաստելու փոխճանաչելիությանը, մեր հանրությունների, մասնավորապես, երիտասարդության միջև շփումների ավելացմանը կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում:

Կ.Նազարյանն իր խոսքում նաև ընդգծեց, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ուշադրության առանցքում պահելով միջազգային հանրությանը սպառնացող մարտահրավերներն ու դրանց դիմագրվման խնդիրները, և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով ոչ միայն կպահպանվի սերտ փոխգործակցության դրական դինամիկան, այլև որակական նոր մակարդակի վրա կբարձրացվի միջպետական երկխոսությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարը, ՄԹ դեսպանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մեծ թվով երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում