Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների «հնարամիտ» վարորդներին, որ նրանք հայտնաբերվելու եւ պատժվելու են: Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միտումնավոր անընթեռնելի դարձրած հաշվառման համարանիշում անգամ մեկ թվի չերևալու դեպքում վարորդները նախկին 100 հազար դրամի փոխարեն կվճարեն 200 հազար դրամ: «Եթե տարվա ընթացքում խախտումը կրկնվի երկրորդ անգամ, վարորդը կվճարի 400 հազար, երրորդ անգամ խախտելու դեպքում` 600 հազար դրամ տուգանք, ինչպես նաեւ վարորդական իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով»,-տեղեկացրին ոստիկանությունից:

Մաշված համարանիշի դեպքում վարորդները կտուգանվեն 10 հազար դրամի չափով:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ավտոմեքենաների պետհամարանիշները փակցնել նախատեսված վայրերում, եւ զերծ մնալ համարանիշը անընթեռնելի դարձնելու անհաջող փորձերից, քանի որ վաղ թե ուշ դրանք բացահայտվելու են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում